ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Կոնդոպոգի Աստվածածնի վերափոխման եկեղեցու հրկիզման կասկածյալը 15 տարեկան է։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամ-ալիքը։
Նշվում է, որ տղան երևի հոգեկան խնդիրներ ունի, քանի որ նա իր գործողությունները բացատրել է «աշխարհով մեկ հայտնի դառնալու» ցանկությամբ։
Հիշեցնենք` օգոստոսի 10-ին հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է Կոնդոպոգի (Կարելիա, Ռուսաստան) XVIII դարին պատկանող Աստվածածնի վերափոխման եկեղեցին, որը կառուցվել է ի հիշատակ 1769-1771 թվականներին Կիժիի ապստամբության ժամանակ զոհված գյուղացիների։ Եկեղեցին կառուցվել էր փայտից։
Պետրոզավոդսկի և Կարելիայի թեմերում սկզբում հայտնել էին, որ դաշնային նշանակության հուշարձանի հրդեհի պատճառը կարող էր լինել զբոսաշրջիկների անզգույշ գործողությունները։
Թեմում ոչինչ չեն կարողացել ասել հուշարձանի վերականգնման առնչությամբ, քանի որ վանքը Ռուս ուղղափառ եկեղեցու սեփականությունը չէ։ «1918 թվականին եկեղեցին Իգոր Գրաբարի ջանքերով պետությունն իր պաշտպանության տակ էր առել, այստեղ պատարագ է մատուցվել մինչև 1930 թվականը», — նշված էր թեմի կայքում։