Կրակի ճիրանում է հայտնվել Երևանի «Կոմպրեսատորների» գործարանը

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, հետո չորսը վերադարձել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկել Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 10/2 հասցեում գտնվող «Կոմպրեսատորների» գործարանում: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Հրդեհի բարդության «ԹԻՎ 2» կանչով դեպքի վայր են մեկնել Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, Արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Անհրաժեշտությունը վերանալու պատճառով չորս մարտական հաշվարկ հետ են վերադարձվել:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ինտերստանոկ» ԲԲԸ-ին պատկանող կոմպրեսատորների գործարանի օդի կոմպրեսատորների շինությունում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:36-ին, մարվել՝ 18:00-ին: Ամբողջությամբ այրվել են շինության տանիքը (մոտ 40 քմ) և ներսում գտնվող 2 օդի կոմպրեսատոր: