Վանաձորում քրեական հեղինակությունը կրակել է 27–ամյա երիտասարդի վրա

Վիրավոր Ն. Խաչատրյանը վերջերս է վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից և երբևէ աչքի չի ընկել քրեական պատմություններով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Վանաձորում քրեական հեղինակությունը կրակել է 27–ամյա երիտասարդի վրա։ Նրան տեղափոխել են Երևան Էրեբունի բժշկական կենտրոն:

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, երեկ` օգոստոսի 12-ին, ժամը 20:00-ի սահմաններում Վանաձոր բժշկական կենտրոնից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացել, որ «աջ ազդրի բաց բեկորային կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ովքե՞ր են Մարտի 1–ին կրակել Աբրահամյանների տանը հայտնաբերված զենքերից. ԱԱԾ պետ

Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ հրազենային վնասվածք ստացած քաղաքացին Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի բնակիչ, 27-ամյա Նարեկ Խաչատրյանն է, ում տեղում Վանաձորի բժիշկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, որից հետո ռեանիմոբիլով տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Լոռու մարզի ոստիկանները պարզել են, որ Ն. Խաչատրյանին իր մոտ եղած որսորդական հրացանով հրազենային վնասվածքը պատճառել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 38-ամյա Կորյուն Մուրադյանը: Վերջինս հանցագործությունը կատարելուց կարճ ժամանակ անց Լոռու մարզի ոստիկանների կողմից հայտնաբերվել է, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող հրացանը:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Մուրադյանը նախկինում եղել է դատապարտված և հանցագործ աշխարհում հայտնի է ս «Կոկո» մականվամբ։ Նա ձերբակալվել է, սակայն այս պահին գտնվում է Վանաձորի հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ: Նա փախուստի ժամանակ իրեն նետել է արհեստական լճի մեջ, իսկ նրա փախուստը կարողացել են կասեցնել ոստիկանության ծառայողները:

Նախնական տեղեկություններով՝ վիրավոր Ն. Խաչատրյանը վերջերս է վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից և երբևէ աչքի չի ընկել քրեական պատմություններով: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Դեպքի հանգամանքները ավելի մանրամասն պարզելու ուղղությամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ: