Տեր–Պետրոսյանի կողմնակից. «Մենք բոլորս պետք է օգնենք մարտի 1–ի գործի քննությանը»

Տեր–Պետրոսյանը ճշմարտության բացահայտման հարցում ամենաշահագրգռված անձանցից է, իսկ նրա կուսակցության ակտիվիստները պատրաստակամորեն են ներկայանում հարցաքննություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Բոլոր նրանք, ովքեր կարող են օգնել մարտի 1-ի գործով, պետք է անեն դա։ Այս մասին խորհրդարանում լրագրողներին ասաց Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը։

Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց

Ի պատասխան հայտարարությանը, թե մարտի 1-ի գործով պետք է հարցաքննել և՛ Փաշինյանին, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանին, Մանուկյանը նշեց, որ այս երկրում չկա մեկը, ով ավելի շատ է շահագրգռված «Մարտի 1»-ի գործի բացահայտմամբ, քան Լևոն Տեր-Պետրոսյանը։ Մանուկյանն ընդգծեց, որ ՀԱԿ-ի ակտիվիստները, որոնք տասը տարի առաջ տուժել են բախումներից, հիմա կրկին ներկայանում ենք հարցաքննություններին ու չեն խուսափում ցուցմունք տալուց։

Նա հիշեցրեց, որ ՀԱԿ-ը տարիներ շարունակ մարտի 1-ի իրադարձությունների մասին նյութեր է հավաքել։

«10 տարի մենք նյութեր ենք հավաքել, գրքեր հրատարակել, ֆիլմեր նկարահանել, դիմել ենք միջազգային եվրոպական բոլոր կառույցներին, կազմել ենք հնարավոր բոլոր հանցագործների ցուցակը: Մենք ունենք բոլոր ոստիկանների ցուցակը, որոնք կեղծ ցուցմունքներ են տվել, բոլոր դատախազների անունները, որոնք կեղծ մեղադրանքներ են ներկայացրել: Վերջին աշխատանքն արել ենք դեռևս «Մարտի 1-ի» տասնամյակը լրանալուց առաջ: Փաստաթղթերի ժողովածուի հրատարակումից անմիջապես հետո դրա օրինակներն ուղարկել ենք բոլոր շահագրգիռ կողմերին: Դա մի ամբողջ ժողովածու է, որը բավական է «Մարտի 1-ի» գործը բացահայտելու համար: Նյութն այնքան շատ է, որ ամբողջապես ապացուցում է «Մարտի 1»-ի ոճրագործության նախապես կազմակերպված և իրագործված լինելը»,- ասաց Մանուկյանը։

Երբ 2008 թվականի մարտին Երևանում սկսեցին կրակել, շուրջը հազարավոր մարդիկ կային։ Շատերը հստակ տեսնում էին` ով ու որտեղից է կրակել, քանի որ որոշ դեպքերում կրակելու հեռավորությունը մեկ մետր էլ չկար։ Մյուս դեպքերում հեռավորությունից էին կրակում (օրինակ` տների տանիքներից)։

«Սակայն այստեղ էլ է կարելի հեշտությամբ պարզել, ու դա վաղուց պարզել են, որտեղից էին եկել փամփուշտներն ու հատուկ միջոցներն ու ինչ զենքից», — ասաց Մանուկյանը։

Ովքե՞ր են Մարտի 1–ին կրակել Աբրահամյանների տանը հայտնաբերված զենքերից. ԱԱԾ պետ

Նա ընդգծեց, որ և՛ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը, և՛ գեներալ Մանվել Գրիգորյանն անվիճելի ներդրում են ունեցել Արցախյան շարժման մեջ։ Սակայն Մանուկյանն ավելացրեց, որ դա չի խանգարել նրանց տարիներ շարունակ զրկել Հայաստանի բնակիչներին իրենց իրավունքներից ու հնարավորություններից։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։

Նույն օրը 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀՀ պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։