ՌԱԴԻՈ

Թորոսյան. «Եթե սա շոու է, ինչո՞ւ նախկին իշխանությունների օրոք նման շոու չի իրականացվել»

Ներդրումների ու առևտրի փորձագետ Գևորգ Թորոսյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի նախաձեռնությունը։
Sputnik
Գևորգ Թորոսյան

Թորոսյանը վստահեցնում է` հակակոռուպցիոն ոլորտում հսկայական աշխատանք է իրականացվել, թեև նախկին իշխանություններին սատարող մարդիկ ինչ-որ հարցականներ են դնում, թե սա շոու է, փորձում են թերարժևորել կատարված աշխատանքը։

«Եթե սա շոու է, զարմանում եմ` ինչու նախկին իշխանությունների օրոք նման շոու երբեք չի իրականացվել»,- ասում է նա։

Հիշեցնենք` օգոստոսի 10-ին Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ կոռումպացված հասարակություններում կոռուպցիայի, հանրային միջոցների յուրացման և այլ ապօրինի ճանապարհներով կուտակված միջոցները հաճախ դուրս են բերվում տվյալ երկրից և տեղափոխվում այլ երկրներ՝ համեմատաբար հանգիստ և ապահով հանգրվան գտնելու։ Նա նշել էր, որ այս արատավոր պրակտիկային վերջ դնելու և թալանված հանրային ունեցվածքը վերականգնելու նպատակով Համաշխարհային Բանկի և UNODC-ի նախաձեռնությամբ հիմնված մի գործիք կա՝ Stolen Asset Recovery Initiative-ը։ Միրզոյանը արտերկրում հանգրվանած ունեցվածքի իդենտիֆիկացիայի և վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով Stolen Asset Recovery Initiative-ից խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ստանալու վերաբերյալ նամակ է գրել Համաշխարհային բանկի ղեկավարությանը։