«Մենք ծառայողական քննություն կանցկացնենք». ՊԵԿ նախագահը Արտաշատում է

Դավիթ Անանյանը լսեց բողոքող առևտրականներին, ապա առաջարկեց գնալ, բացել խանութներն ու ցանկացած ահազանգի դեպքում դիմել իրեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը մեկնել է Արտաշատ` տեղում բողոքողների խնդիրներին ծանոթանալու։

Նրա հարցերին ի պատասխան ցուցարարներն ասացին, որ գանձումների բաժնի պետ Ռաշիդ Մախմուդյանը «հարկային տեռորի» է ենթարկում ողջ Արտաշատը:

Հոգնել ենք «հարկային տեռորից». Արտաշատում առևտրականները բողոքի ակցիա են իրականացնում

«13-14 հոգով մտնում են ստուգումների, խանութում 300 հազարի ապրանք կա, նայում ես՝ ծխախոտ չկա։ Մարդը գումար չունի խանութը լցնի, բայց տվյալ խանութների վրա մինչև 5-6 հարյուր հազար դրամ ակտ են գրում: Այսինքն՝ եթե մարդն ի վիճակի է 5-6 հարյուր հազար ակտ մուծելու, կարող էր դնել իր խանութում եղած 300 հազարի ապրանքի վրա, մինչև մեկ միլիոնի շրջանառություն կունենար, գոնե մի երկու կոպեկ կաշխատեր»,-ՊԵԿ նախագահին է ներկայացնում արտաշատցի մի խանութպան:

ՊԵԿ նախագահն էլ հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են գալիս՝ հանձնարարագրո՞վ, թե՞ առանց դրա:

Պատասխանեցին, որ հանձնարարագրով գալիս են ՀԴՄ «բռնելու», բայց չի ստացվում,  չեն կարողանում ակտ գրել, անցնում են աշխատուժ ստուգելուն:

Դավիթ Անանյանն ասաց, որ իր այցի նպատակն է պարզել, թե այստեղ ի՞նչ անօրինական բան է տեղի ունենում է, կամ տեղի ունենում են, թե՞ ոչ:

«Եթե, օրինակ, մարդիկ գալիս են հսկիչ դրամարկղային մեքենան ստուգելու, ու այն ինչ-ինչ պատճառով չի աշխատում ու կտրոն չի տպում, դրա դեմ պետք է պայքարենք բոլորս, այդ թվում՝ և դուք: Բայց եթե հարկայինի ժողովուրդը օրենքի խախտումով ինչ-որ բան է ուզում անել, ապա ինքը պետք է այս համակարգում չլինի»,-առևտրականներին ասաց Դավիթ Անանյանը:

Նա նշեց, որ ինքը ծառայողական քննություն անցկացնելու հիմքեր է տեսնում: «Մենք ծառայողական քննություն կանցկացնենք և որոշում կկայացնենք: Մինչև այդ կխնդրեմ, որ այստեղ թեթևացնեն վարչարարությունը: Գնացեք, խանութները բացեք, աշխատեք: Ցանկացած ահազանգի դեպքում զանգահարեք ինձ կամ պարոն Մաշադյանին»,-բողոքողներին ասաց ՊԵԿ նախագահը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտից Արտաշատ քաղաքում փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները չեն աշխատում. նրանք բողոքի ակցիա են իրականացնում մարզային ՊԵԿ–ի մոտ` պահանջելով իրենց ազատել «հարկային տեռորից։