Հոգնել ենք «հարկային տեռորից». Արտաշատում առևտրականները բողոքի ակցիա են իրականացնում

Առևտրով զբաղվողները պահանջում են, որ օրենքի փոփոխություններ կատարվեն և թույլ տան, որ բացի հարկ վճարելուց առևտրականները նաև եկամուտ ունենան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Արտաշատում բողոքում են «հարկային տեռորի» դեմ։ Այսօր վաղ առավոտից քաղաքում բողոքի ակցիա է: Մարզի մանր ու միջին ձեռնարկատերը փակել են իրենց խանութներն ու հավաքվել են Արտաշատի ՊԵԿ եկամուտների մասնաճյուղի դիմաց և պահանջում են դադարեցնել, իրենց խոսքով՝ «հարկային տեռորը»:

Բողոքի ակցիայի մասնակիցները ասում էին, որ Արտաշատի ՊԵԿ տարածքային վարչության պետ Ռաշիդ Մախմուդյանը նախկինում օգտագործել է հանրապետականների հետ կապերը և անօրինական կերպով տեռորի ենթարկել միջին և փոքր բիզնեսի ներկայացուցիչներին:

Ո՞վ է մեղավոր. Հայաստանում ռեստորանային բիզնեսը հարկային «հիստերիայի» մեջ է

«Մեր բողոքի պատճառը առևտրի կենտրոնների նկատմամբ հարկային տեսչության մարմինների կոռուպցիոն գործելաոճն է: Նախապես անօրինականություններ են դրսևորում տնօրենների նկատմամբ, խոշոր գումարներ պահանջում և պատժում չտվողներին: Երկար տարիներ է այս իրավիճակը: Չարաշահում են իրենց կոչումը, պաշտոնը։ Եթե այս մարդիկ կոչված են բնակչությանը սպասարկելու, ապա պետք է իմանան, որ անթերի առևտուր չի լինում: Յուրաքանչյուր մազաչափ թերությունը խոշորացնել, դարձնել կոռուպցիոն հարց և մարդկանց ստիպել վերջին կոպեկը տալ իրենց, սխալ »,-հայտարարեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները պնդում են, որ եթե իրենց պահանջները չկատարվեն, պատրաստ են փակել Արտաշատի կենտրոնական, ինչպես նաև Երևան տանող ճանապարհները:

Առևտրով զբաղվողները պահանջում են, որ օրենքի փոփոխություններ կատարվեն և թույլ տան, որ բացի հարկ վճարելուց առևտրականները նաև եկամուտ ունենան:

Լրագրողների հետ զրույցում նրանցից մեկն էլ նշեց, որ գանձվում են գումարներ՝ առանց հաշվի առնելու խանութի չափն ու շրջանառությունը, իրենց ֆինանսական վիճակը: «Մենք բողոքում ենք մեր հարկային գանձումների բաժնի պետ պարոն Մախմուդյան Ռաշիդի դեմ, որ իրեն համակարգից ընդհանրապես հեռացնեն։ Ինքը հանրապետական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի եղբայրն է»,-հայտարարեց մի տղամարդ:

Դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առևտրականը հիշեցրեց, որ խոստացել է ձեռք մեկնել մանր ու միջին բիզնեսին:

Ակցիան շարունակվում է, բողոքավոր առևտրականների թիվը շարունակում է ավելանալ: