ՌԱԴԻՈ

Գրիգորյան. «Չեմ կարծում` Հայաստանում կարողանան պարզել` սա օրիգինալ Այվազովսկի է, թե ոչ»

«ԱԱԱուկցիոն» աճուրդի տան գլխավոր տնօրեն Աննա Գրիգորյանը վստահեցնում է, որ ամբողջ աշխարհում ընդամենը մի քանի մասնագետ կա, որոնք կարող են ասել` ստեղծագործությունը Այվազովսկու վրձնին է պատկանում, թե ոչ։ Նա այս մասին խոսել է Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում։
Sputnik
Աննա Գրիգորյան

Ըստ Աննա Գրիգորյանի` երբ նկարը գնում են կամ նվիրում, սովորաբար դրա հետ նաև ներկայացնում են պրովենանսը` նկարի պատմությունը։ Պրովենանսի միջոցով կարելի է իմանալ` ում տնից է դուրս եկել կամ ինչ ժառանգի մոտ է եղել այդ նկարը, որ կոլեկցիոներից ում է փոխանցվել։

«Իսկ ինչ վերաբերում է Այվազովսկու իսկությանը, սա ամենաբարդ մթնոլորտներից, ուղղություններից մեկն է, որովհետև աշխարհում ընդամենը 2-3 մասնագետ կա, որոնց վստահում են համաշխարհային ճանաչում ունեցող աճուրդային տներն ու շատ մեծ կոլեկցիոներները։ Չեմ կարծում, որ Հայաստանում այդ մակարդակի փորձաքննություն կա, որ կարող է ասել` սա օրիգինալ Այվազովսկի է, թե ոչ»,- ասաց նա։

Գևորգյանի խոսքով` նկարի իսկությունը հասկանալու համար պետք է տեսնել թղթերը, այսպես ասած, էքսպերտիզաները։

Նշենք, որ 2017 թվականին «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի պաշտոնական կայք-էջում հրապարակվել է տեղեկատվություն՝ հիմնադրամի կողմից ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու՝ «Նավը ծովում» կտավը նվիրելու վերաբերյալ, որից հետո մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, որ կտավը հափշտակված է: Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2011 թվականի հունվարի 13-ին «Ռուսական ոսկի» կորպորացիայի տնօրենի՝ ՌԴ-ում գտնվող բնակարանից ավազակային հարձակմամբ հափշտակվել են բազմաթիվ կտավներ, այդ թվում՝ Հովհաննես Այվազովսկու՝ առանձնապես խոշոր չափի արժողության «Նավը ծովում» կտավը: