ԵՐԵՎԱՆ, 12 Օգոստոս — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու Ռուսթավելի փողոցում, դեռ անցած տարի ձեռքբերված տարածքում, Տաշիր Գրուպի կողմից կհիմնվի պուրակ: Աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:
Ի դեպ, տարածքը ձեռք է բերվել մասնավորից՝ 2 տարբեր անձանցից: Ի սկզբանե այդտեղ գործարարը նախատեսել էր կառուցել հասարակական օբյեկտ՝ ռեստորանային համալիր՝ հյուրանոցային մասով:
«Հետագայում այդ ծրագիրը փոխվեց` որոշ հանգամանքների բերումով, և հիմա կա առաջարկություն. տարածքը բարեկարգվելու է, վերածվելու է կանաչ գոտու»,-Sputnik Արմենիային ասաց Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը՝ փաստելով պուրակի տարածքը տրամադրվելու է համայնքին՝ անհատույց օգտագործման:
Տարածքում լինելու են ծառեր, խոտածածկ տարածք, փոքր շատրվան: «Միևնույն ժամանակ, ամրակայվելու է տարածքում գտնվող պատմամշակութային արժեք ունեցող շինությունը: Ընթացքի մեջ են կառույցի վերականգնման նախագծային աշխատանքները: Առայժմ խոսքը գնում է միայն կառույցի պահպանմանը մասին, դեռևս ֆունկցիան որոշված չէ: Նախատեսված է կառույցի ամրակայման աշխատանքները սկսել 10-15 օրից»,-հավելեց պատասխանատուն:
Մեր այն հարցին, թե բիզնեսի համար նախապես ձեռքբերված տարածքը պուրակի վերածելու որոշումը ինչքանո՞վ է բիզնեսի տեսակետից շահավետ, Հենրիկ Գասպարյանը նշեց. «Տաշիր գրուպին եկամուտ չի տա, առավել ևս նրանք պուրակն անվարձահատույց տրամադրում են քաղաքին: Մենք համաձայնեցինք նրանց այս որոշմանը, քանի որ այդ տարածքում կանաչ գոտին բացակայում էր, և պուրակի կարիք շատ էր զգացվում»,-նշեց Հենրիկ Գասպարյանը` հավատացնելով, որ պուրակի որոշումը վերջնական է, տարածքն այլ բանի չի վերածվի:
Թե ինչու «Տաշիր գրուպի» սեփականատերն, այնուամենայնիվ, որոշեց հրաժարվել բիզնեսի գաղափարից, Հենրիկ Գասպարյանը չմանրամասնեց:
Հավելենք` տարածքում կլինեն մեր բնակլիմայական պայմաններին համապատասխան ծառեր: