Օձեր, չղջիկներ ու մարդկային ոսկորներ. Հայաստանում 3 նոր քարանձավ են գտել

Լավայից ու մագմայից ստեղծված մի ամբողջ քարանձավ էր դա, որ հավանաբար 2 մլն տարի առաջ էր առաջացել. իտալացի քարանձավագետը հիացած է հայաստանյան հայտնագործություններով։
Sputnik

Նելլի Դանիելյան, Sputnik.

Հայ և իտալացի քարանաձավագետների խումբը Հայաստանում նոր քարանձավներ է բացահայտել։ Արարատի մարզի Ուրծի լեռնաշղթայի և  Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի լեռներում տեսածը հիացրել է բազում քարանձավներ տեսած մասնագետներին։

Իտալացի երկրաբան–քարանձավագետ Ռոզարիո Ռուջերին, ով նախկինում արդեն այցելել էր Վայոց Ձորի Արենիի և Տավուշի մի քանի քարանձավներ, Արարատի ու Սյունիքի լեռնային խոռոչներում բացահայտած հրաշքներով ուղղակի հիացած է։

Ինչ գանձեր են պահվել քարանձավների քարե դռների հետևում

«Մենք բավական խորը քարանձավներում եղանք, շատ հետաքրքիր էնդեմիկ կենդանական աշխարհի ներկայացուցիչների հանդիպեցինք։ Մեկ այլ քարանձավում էլ հրաբխային շատ հետաքրքիր միջավայր հայտնաբերեցինք, լավայից ու մագմայից ստեղծված մի ամբողջ քարանձավ էր դա, որ հավանաբար 2 մլն տարի առաջ էր առաջացել, հրաբխային հեղուկի հոսքի սառչելու հետևանքով»,– ասաց Ռոզարիո Ռուջերին։

Թե իրականում քանի տարեկան են նոր հայտնաբերված քարանձավները, առաջիկայում դեռ կբացահայտեն հնագետները։ Բայց արշավը նախաձեռնած Քարանձավագիտական կենտրոնի նախագահ Սամվել Շահինյանն արդեն իսկ համոզված է` Սիսիանում հայտնաբերված լավային թունելն իր տեսակի մեջ մինչ օրս Հայաստանում բացահայտվածներից ամենամեծն է։

Լավային քարանձավի մուտքի տրամագիծը, Շահինյանի խոսքով, 10 մետրից ավելի է։ Ձագարաձև թունելի վերջում դրա տրամագիծը նեղանում է մինչև 2 մետր։

Քարանձավներում մասնագետներին զարմացրել է նաև կենդանական աշխարհի առատությունն ու 10 տարում կատարված փոփոխությունները։

«Ուրծի լեռնաշղթայի այս քարանձավ առաջին անգամ 1984թ.–ին ենք մտել, երկրորդ անգամ` 2008–ին, իսկ այս անգամը պարզապես անհամեմատելի էր նախորդ անգամների հետ։ Փոխվել էր կենդանական աշխարհը։ Այնտեղ, ուր նախկինում աղավնիներ էին, հիմա սերմնագռավներ են։ Երևի աղավնիների որսը շատ է տարածված, նրանք ոչնչացվել էին»,– պատմեց Սամվել Շահինյանը։

Спелеологи в одной из пещер Урцского хребта

Շուրջ 10 տարվա ընդմիջումներով իրականացրած հետազոտությունների տվյալները, գիտնականի խոսքով, հարուստ նյութ են երկրաբանական, քարանձավագիտական ուսումնասիրություններ անելու համար։

Արարատի մարզի մեկ այլ քարանձավում էլ, որտեղ ավանդաբար չղջիկներ են բնակվում, դրանք թեև պահպանվել են, բայց այլևս իրենց քարանձավի լիարժեք տերերը չեն։

«Նախկինում քարանձավի ներսում սառն էր, որովհետև արտաթորանքը քիչ էր, իսկ հիմա սարսափելի մեծ քանակի էր հասել։ Ածխաթթու գազի առկայությունը քարանձավում 4 անգամ շատ է, քան դրսի օդի մեջ։ Հատակին կուտակված արտաթորանքի քայքայման պրոցեսի հետևանքով արձակված ջերմության արդյունքում քարանձավում ջերմաստիճանը հասել էր +21-ի, որը անհավանական է ցանկացած քարանձավի համար։ Իսկ Հայաստանի քարանձավներում առավելագույնը 8-13 աստիճան է լինում։ Դա հնարավորություն էր տվել օձերին իրենց համար լավ միջավայր ստեղծել։ Մենք արձանագրեցինք հենց այն պահը, երբ օձը բռնել էր չղջիկին ու կուլ էր տալիս»,– ասաց Շահինյանը։

Երբեմն ինձ մանկապարտեզի դայակ եմ զգում. ինչպես է Արմենակը քարանձավը պաշտպանում օտարներից

Ուրծի լեռնաշղթայում հայտնաբերված մի քարանձավն էլ, Սամվել Շահինյանի համոզմամբ, արդեն շուրջ 80 տարի տարբեր արշավախմբերի կողմից փնտրված, բայց այդպես էլ չգտնված էր, այն 1940–ականներին հայտնաբերել էր խորհրդային հայտնի գիտնական Սերգեյ Դալի ղեկավարած արշավախումբը։

«Վերջապես մենք գտանք այն քարանձավը, որի մասին ժամանակին գրել էր Սերգեյ Դալը։ Այսօր մենք ունենք Դալի նկարագրությունն ու ներկա փաստացի վիճակը, որը լուրջ հետազոտությունների հիմք կարող է դառնալ հնեաբանների համար»,–ասաց Սամել Շահինյանը` հավելելով, որ այդ քարանձավում կան նաև մարդկային ոսկորների մնացորդներ, որոնց մասին իր գրառումներում հայտնում է խորհրդային գիտնականը։

Հայաստանյան արշավներին մասնակցած իտալացի մասնագետները համոզված են, որ նման հնարվորություններով Հայաստանը կարող է զարգացնել քարանձավագնացությունը, լեռնագնացութունը, հնագիտությունն ու քարանձավագիտությունը, և դրանց միջոցով` զբոսաշրջությունը։

«Կարծում եմ` Հայաստանը մեծ շանսեր ունի, հատկապես` էկոտուրիզմի զարգացման համար։ Ամենակարևորը Հայաստանի համար, նրա գեղեցիկ բնությունն է»,– ասում է Ռոզարիո Ռուջերին։

1 / 8
Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի լեռներ
2 / 8
Հրաբխային միջավայր քարնձավում
3 / 8
Հայ քարանձավագետ Սամվել Շահինյանն իր իտալացի գործընկերների հետ
4 / 8
Հայ քարանձավագետ Սամվել Շահինյանն իր իտալացի գործընկերների հետ
5 / 8
Հրաբխային միջավայր քարնձավում
6 / 8
Օձը` քարանձավում
7 / 8
Մարդկային ոսկորների մնացորդներ քարանձավում
8 / 8
Սերմնագռավներով բնակեցված քարանձավ Ուրծի լեռնաշղթայում

Մինչդեռ նրա հայ գործընկերոջ` Սամվել Շահինյանի խոսքով Հայաստանի բազում քարանձավներ, թեև բնության հուշարձաններ են հռչակված, բայց պետական որևէ աջակցություն դրանց ուսումնասիրության համար չի տրամադրվում։ Էկոտուրիզմի զարգացման բազում ծրագրերն էլ մշտապես շրջանցում են քարանձավագնացության ոլորտը։

Հայաստանի քարանձավագիտական կենտրոնը սեփական ու արտասահմանցի գործընկերների սուղ միջոցներով վերջին 3 տարում ավելի քան 6 արշավ է իրականացրել` քարանձավագիտական կենտրոնի 35-ամյակի առիթով հաջորդ տարի Հայաստանում նախանշված կոնֆերանսին ընդառաջ, որին մասնակցելու են աշխարհի մի շարք երկրների այդ ոլորտի լավագույն մասնագետները։