ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Հյուրանոցային համալիրում ծեծել են աղջկան ու հափշտակել նրա մոտ եղած գումարը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ոստիկանության Մասիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ 30-ամյա Լիլիթ Ս․-ի ահազանգի փաստով։
Վերջինս Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգել է, որ երեկ օգոստոսի 11-ին Երևան — Երասխավան ավտոճանապարհի «Կոնտինենտալ» ռեստորանահյուրանոցային համալիրում իրեն ծեծի են ենթարկել ու հափշտակել իր մոտ եղած ամբողջ գումարը։ Մասիսի ոստիկանները պարզել են, որ Լիլիթ Ս․-ն զբաղվում է մարմնավաճառությամբ։ Նա 1 օր առաջ Երևանում ծանոթացել է տղաների հետ ու պայմանավորվել նրանց հետ գիշեր անցկացնելու և նրանցից 15 հազարական դրամ վճարվելու մասին։
Գիշերային թեժ ժամանակն անցկացնելուց հետո երիտասարդներից մեկը, ըստ Լիլիթ Ս․-ի հայտարարության, ծեծի է ենթարկել իրեն, որից հետո պայուսակի միջից խլել ողջ գումարը ու դիմել փախուստի։ Մասիսի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ նշված երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։