Փոխվարչապետը խոստանում է մենակ չթողնել գյուղացիներին.այցելություն կարկուտից տուժած գյուղեր

Փոխվարչապետը խոստացել է հետևողականորեն աշխատել, որ հաջորդ տարի ունենանք գյուղացիական տնտեսությունների ապահովագրության համակարգ, գործուն հակակարկտային կայաններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 Օգոստոս — Sputnik. ՀՀ 1–ին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն աշխատանքային խմբով այսօր այցելել է Արմավիրի մարզի կարկուտից տուժած համայնքներ։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում։

«Այսօր այցելեցինք Արմավիրի մարզի Բամբակաշատ, Մրգաշատ, Ալաշկերտ և այլ համայնքներ, որտեղ երկու օր առաջ կարկուտն ու փոթորիկը մեծ վնասներ էին հասցրել բերքին և ենթակառուցվածքներին։

Արմավիրում քամին պոկել է շենքի տանիքը

Վստահ ենք, որ կառավարությունը չպետք է միայնակ թողնի գյուղացիներին այս աղետի հետևանքների մեղմման գործում։ Վաղվանից կսկսվեն վնասի գնահատման աշխատանքները, որից հետո կառավարությունը կքննարկի գյուղացիական տնտեսություններին հնարավոր աջակցության չափը»,–խոստացել է փոխվարչապետը։

Այնուհանդերձ, Արարատ Միրզոյանը կարծում է, որ անհրաժեշտ են համակարգային լուծումներ, որպեսզի արդեն հաջորդ տարի լինի գյուղացիական տնտեսությունների ապահովագրության համակարգ, գործուն հակակարկտային կայաններ, տարածում գտնեն հակակարկտային ցանցերը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 10–ին Արմավիրի մարզի որոշ համայնքներում տեղացած կարկուտը և ուժեղ քամին զգալի վնաս են հասցրել գյուղացիական տնտեսություններին` արմատախիլ անելով ծառել, պոկելով դեռ չհասած խաղողի ճյուղեր, վնասելով այլ մշակաբույսերի արտեր։