Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա
Հայ հնագետները սկսել են ուսումնասիրել Հայաստանի տարածքում հայտնաբերված եզակի կառույցները՝ «Անապատի օդապարուկները»։ Այս կառույցները եգիպտական բուրգերից հին են, դրանցից մի քանիսը քարե դարով են թվագրվում (մեր թվարկությունից առաջ XII-VI հազարամյակ)։ Արտաքնապես դրանք նման են երկրաչափական ֆիգուրների, նաև կենդանիների պատկերների։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասա հնագետ Մարիամ Շահմուրադյանը։
Մարիամը չորս մասնագետներից կազմված խմբի հետ պատրաստվում է այս տարվա հոկտեմբերին Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում աշխատանքներ սկսել։ Հնագետները մտադիր են պարզել այդ տարածքում հայտնաբերված «օդապարուկների» ծագման թիվը։
«Օդապարուկներն ու ագլոմերացիոն տները անտաշ քարից են պատրաստված։ Դրանք հիմնականում գտնվում են ծովի մակարդակից 900-1400 մ բարձրության վրա՝ լեռների լանջերին», — ասաց Շահմուրադյանը։
Հնագետը չի բացառում, որ 1-30 հեկտար մակերես ունեցող այդպիսի կառույցներ կարող են եղած լինել նաև հարթավայրերում, սակայն մարդածին գործոնի պատճառով կարող են քանդված լինել։ Ենթադրություն կա, որ այդպիսի կառույցներ կարող են լինել ոչ միայն Արմավիրի ու Արագածոտնի մարզերում, այլև Սյունիքում։
«Մենք պատրաստվում ենք Սյունիքում հետախուզական աշխատանքներ իրականացնել՝ այդ կառույցները գտնելու նպատակով», —ասաց հնագետը։
Առաջին «Անապատի օդապարուկները» XX դարի 20-ական թվականներին հայտնաբերել են Թագավորական ՌՕՈւ-ի օդաչուները։ Վերևից կառույցները օդապարուկի տեսք ունեն, այդ պատճառով դրանք անվանել են օդապարուկներ, իսկ հետագայում «Անապատի օդապարուկներ»:
Այսօր «Անապատի օդապարուկներ» կան Հորդանանի Սիրիայի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Իրաքի ու Հայաստանի տարածքում։
Տարածված վարկածի համաձայն՝ դրանք որսի համար են կառուցվել, սակայն Շախմուրադյանը կարծում է, որ դրանք կարող էին պաշտամունքային նշանակություն ունենալ։
«Մենք կարող ենք վերջնական կողմնորոշել, երբ ուսումնասիրենք կառույցներն ու հասկանանք՝ դրանք իրականում ինչպես են կոչվել ու ինչ նպատակով են կառուցվել», — ասաց Շահմուրադյանը։
Նա ընդգծեց, որ կառույցների հետ կապված ևս մեկ հետաքրքիր փաստ կա․ ագլոմերացիոն տները միշտ կառուցվել են «Անապատի օդապարուկների» մոտակայքում։ Թե ինչ նպատակով է դա արվել՝ նույնպես բացահայտման փուլում է։
Հայաստանի տարածքում նաև V-ձև փոքր կառույցներ են հայտնաբերվել։ Դրանք բաղկացած են տարբեր բարձրություն ու հաստություն ունեցող երկու ցածր քարե պատերից, որոնք իրարից հեռու են սկսվում ու հետզհետե մոտենում են։ Հնագետները դեռ չգիտեն՝ ինչի համար են դրանք կառուցվել։ Ենթադրում են, որ որսի։
«Հարյուր տարվա ընթացքում ոչ ոք չի կարողացել բացահայտել գաղտնիքը` եգիպտական բուրգերի գաղտնիքի պես։ Մի շարք վարկածներ կան, որոնք դեռ պետք է ապացուցել», — ասաց Շահմուրադյանը։
Նա ընդգծում է, որ այդ կառույցները շատ կարևոր են Հայաստանի համար։
«Անապատի օդապարուկների» համակարգված հետազոտությունները Հայաստանում սկսվել են 2011 թվականից։ Հայ հնագետներն իրականացնում են դա ֆրանսիացի հնագետների հետ միասին։ Սեպտեմբերից էլ հայ-հրեական խումբը զբաղվելու է V-ձև օդապարուկների ուսումնասիրությամբ։ Հնագետները փորձում են պարզել հուշարձանների նշանակությունն ու տարիքը։