Դատավոր Մարկոս Դոլուխանովը մեծ տուն է կառուցել Պասկևիչի փողոցում, որտեղ այսօր 28 ընտանիք է ապրում։ Sputnik Գրուզիայի սյունակագիր Եկատերինա Միքարիձեն պատմում է շքեղ առանձնատան մասին, որը ժամանակին Դոլուխանովների հայտնի տոհմին է պատկանել։
Ընտանիքի գլուխը դատավոր Մարկոս Դոլուխանովն էր, որն առանձնատուն կառուցեց Պասկևիչի փողոցում` վստահ լինելով, որ տան թևերից յուրաքանչյուրը բաժին կհասնի մեծ ընտանիքի բոլոր երեխաներին։ Ընտանիքը ժամանակի ընթացքում մեծացավ, իսկ խորհրդայնացումից հետո տունն ազգայնացրին և «սեղմեցին» ընտանիքի անդամներին։ Դոլուխանովների սերունդներից շատերն արտագաղթեցին։ Ինչ մասնագիտության տեր ասես, որ չեղան Դոլուխանովների ընտանիքի անդամները։ Ե՛վ փաստաբաններ, և՛ դատավորներ, և՛ բժիշկներ, և՛ կոմպոզիտորներ, և՛ աշխարհագրագետներ… Կյանքն աշխարհով մեկ ցրեց նրանց։
Այսօր այդ տանը բնակվող և Դոլուխանովների ժառանգներին տեսած բնակիչները հիշում են, որ ընտանիքում 5 երեխա կար։
Տան հնաբնակի հետ կարողացա ծանոթանալ միայն երկրորդ փորձից։ Այցի առաջին օրը նա տանը չէր։ Դոլուխանովների առանձնատան աստիճաններին հանդիպած աղջիկն ասաց, որ Նոնան տանը չէ, բայց նրան հնարավոր է հանդիպել։ Զանգահարեց մորը, ճշտեց մեր հանդիպման օրը և հեռացավ։ Ավելի ուշ հասկացա, որ այս աղջկա ընտանիքն էր ստանձնել տարեց և միայնակ կնոջ խնամքը։
Հաջորդ օրը նշանակված ժամին ինձ դիմավորեց այդ աղջկա մայրը` Մերին։ Եթե նա տեղ չհասներ հենց այն ժամանակ, երբ ես մոտեցա տանը, թերևս երկար կթակեի փայտե դուռը։ Ի դեպ, փորագրած դուռը պահպանվել է դեռ առաջին տերերի ժամանակներից։ Դռներն այնքան գեղեցիկ են ու որակյալ, որ բնակիչներից ոչ ոք նույնիսկ չի էլ փորձել փոխել դրանք։ Իսկ այսօր այդ տանը 28 ընտանիք է ապրում։
— How can I help you, my dear?— հարցրեց տարեց կինը։
Նախորդ օրն ինձ արդեն զգուշացրել էին, որ նա անգլերեն և ռուսերեն շատ ավելի լավ է խոսում։
— Come here, I want to show you some interesting things, — շարունակեց Նոնան և ինձ հարևան սենյակ կանչեց։
Երբ նստեցինք զրուցելու, կինը ներկայացավ` Նոնա Տուրկիա։ Հետո պատմեց, որ հայրը գերմանացի էր, մայրը` հայուհի, ինքն էլ ամուսնացած է եղել վրացու հետ։
— Այո, իհարկե, ես հիշում եմ Դոլուխանովի կնոջը, — ասաց Նոնան, երբ հարցրի` տեսե՞լ է մեծ առանձնատան ընտանիքի անդամներից որևէ մեկին։ — Նկատի ունեմ դատավոր Մարկոս Դոլուխանովի հարսին` Եսայի Մարկովիչ Դոլուխանովի կնոջը։ Եսային հոր հետքերով է գնացել։ Մարկոս Դոլուխանովը միջազգային դատարանի դատավոր էր, իսկ որդին` փաստաբան։ Եսային երկու երեխա ուներ։ Խորհրդային իշխանությունից հետո նրան աշխատանքային ճամբար աքսորեցին, ու նրա հետքը կորավ։
Ողբերգական ճակատագիր ունեցան նաև նրա զավակները։ Երկու աղջիկները մեկնեցին Պետրոգրադ, ու խորհրդային իշխանությունը սկսեց հետապնդել նրանց ։ Քույրերից մեկին` Լիզային, առաջարկեցին համագործակցել Ներքին գործերի ժողկոմիսարիատի (НКВД) հետ, բայց նա հրաժարվեց։ 1938 թվականի հունիսի 13-ին նրան ամենախիստ պատժի դատապարտեցին։ Եսայի Դոլուխանովի մայրն ու կինը շարունակեցին ապրել մեծ տան փոքր սենյակում։
— Մանկությունից դրվագներ կան, որոնք ամբողջ կյանքում չեն ջնջվում հիշողությունից, — շարունակեց Նոնա։ — Ես, օրինակ, չգիտես ինչու շատ լավ եմ հիշում, թե ինչպես էի նրան հյուր գնում։ Փոքր սեղանիկի վրա աննկարագրելի գեղեցկության ճենապակյա տիկնիկներ կային։ Միշտ հիանում էի այդ տիկնիկներով և չէի կարողանում աչքս կտրել դրանցից։ Հիշում եմ` ինչպես էր ապրուստի միջոց վաստակում գործելով։ Նա շատ էր սիրում գործել։
— Ճանաչում էի Մարկոս Դոլուխանովի թոռնուհիներին, — զրույցին միացավ Մերին, որն այս ընթացքում հասցրել էր խանութ գնալ, պաղպաղակ գնել և հյուրասիրել մեզ։
Մերին ապրում է առանձնատան հակառակ թևում։ Արդեն 40 տարի է` այս տանն է։ Նույն թևում են ապրել նաև Դոլուխանովի ժառանգները` Նատալյա և Բեթի Բաբալովները։ Տունը բաշխված էր երեխաների միջև։ Նրանցից յուրաքանչյուրը մեկ թև էր ստանալու։ Բեթիի և Նատալյայի ծնողներին առաջին հարկն էր բաժին հասել։ Նրանց տնօրինության տակ 8 սենյակ կար։
— Նատալյա Բաբալովան, որին ես ինքս տեսել եմ, հիանալի կին էր։ Մասնագիտությամբ ճարտարապետ էր, շատ ինտելիգենտ մարդ։ Հիշում եմ` հոր ու մոր ծանոթության պատմությունն էր պատմում։ Բաբալովը խելացի և տաղանդավոր բժիշկ է եղել, բայց նյութապես ապահովված չի եղել։ Մարկոս Դոլուխանովը որոշել է օգնել փեսային։ Կինը մի քանի տարով մեծ էր ամուսնուց, բայց այդ հանգամանքը չի խանգարել, որ նրանք ամուսնանան։ Մարկոսը փորձել է փեսային ամեն ինչով ապահովել։ Առաջին հարկում բուժսենյակի կողքին նաև ընդունարան կար։ Եթե հիվանդը ստացիոնար բուժման կարիք ուներ, նրան այդ սենյակում էին տեղավորում։ Բեթին քրոջից մի քանի տարով փոքր էր։ Նա մասնագիտությամբ բժիշկ էր։ Ցավոք, քույրերը ժառանգ չունեցան, — իր հուշերն է ամփոփում Մերին։
— Էլի եկեք մեզ մոտ, — դռների մոտ շշնջում է Մերին։ — Նոնան ոչ ոք չունի և շատ է ուրախանում, երբ որևէ մեկը հյուր է գալիս։
— Անպայման կվերադառնամ,-ասում եմ ես։ — Կգամ անգլերենի դասեր ստանալու…