«Կեր ու սուս». ինչպես Հմայակը Համլետ դարձավ Ռուսաստանում և դրախտ բացեց

Ռուսաստանցի լրագրողները աշխարհին պատմել են Չելյաբինսկում գտնվող սրճարանի մասին, որը բացել է Համլետ անունով հայը և որտեղ «վիրավորական», բայց շատ համեղ ուտեստ են մատուցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik.«Կոմսոմոլսկայա պրավդայի» թղթակիցները Չելյաբինսկում խոհարարական տուր են անցկացրել և պատմել տեղի սրճարաններից մեկի զարմանալի խոհանոցի մասին։

Երբեմն ուզում ես ոչ թե հասարակ պիցցա կամ սուշի ուտել, այլ ինչ-որ հետաքրքիր հաստատություն այցելել։ Ռուսաստանցի լրագրողները եղել են Կուրչատովսկի շրջանի «Դրախտ` Համլետի մոտ» ինքնատիպ անունով բար-սրճարանում և պատմել իրենց տպավորությունների մասին։
Հոդվածի հեղինակներին նախևառաջ գրավել է հաստատության անվանումը, և հենց այդ պատճառով էլ նրանք որոշել են ներս մտնել։

«Պարզվեց` իզուր չէր։ Բայց ամեն ինչի մասին հերթով։ Անունը գերեց սիրտս։ Եվ ուղեղս։ Դրախտ։ Այն էլ Համլետի մոտ։ Ռեստորանի պատմությունը չիմացողի համար անվանումը տարօրինակ կթվա», — խոստովանում է հոդվածի հեղինակը։

1 / 3
«Դրախտ Համլետի մոտ»
2 / 3
«Դրախտ Համլետի մոտ»
3 / 3
«Դրախտ Համլետի մոտ»

Ռեստորանի ադմինիստրատոր և մատուցողուհի Լյուտվիան հյուրերին պատմել է հետևյալը. «Մեր սրճարանը նախկինում կոչվում էր «Դրախտ երկուսի համար»։ Բայց մարդիկ սխալ էին հասկանում իմաստը, գիշերային ժամերին զանգում էին և ուզում էին աղջիկ պատվիրել»։

Այսքանով պատմությունը չի ավարտվում։ Պարզվում է` սրճարանը վերանվանել են տիրոջ պատվին։ Կարծում եք` նրա անունը Համլե՞տ է։ Ո՛չ, Հմայակ, և նա հայ է։ Չգիտես ինչու, Ռուսաստանում նրա իսկական անունը «չընդունվեց», և մի շարք բարդ տրանսֆորմացիաների ենթարկվելով վերածվեց Համլետի։

Խոհանոցում Համլետն անձամբ է «տանտիրություն» անում։ Երկրորդ խոհարարը նրա մայրն է։ Բացի ավանդական հայկական խոհանոցից, ճաշացանկում նաև իրենց հեղինակային ուտեստները կան։ Համլետը ստեղծել է «Բարի երեկո» աղցանը, մայրը` «Ձմեռային բալը»։

— Բացի այդ, մեր հյուրերը շատ են հավանում կերուսուսը, — գայթակղում է Լյուտվիան։

— Ի՞նչ է դա։

— Իսկ դուք չեք նեղանա՞, եթե ասեմ,- ժպտում է նա ու թարգմանում ռուսերեն։

«Դա մի դժբախտություն է». Իրինա Սլուցկայան` հայկական խոհանոցի մասին

Հաստատության «ֆիրմային» ուտեստը կրակով խորովածն է, որ Լյուտվիան պարելով է մատուցում հյուրերին։

Երկրորդ գրավիչ հանգամանքն այն է, որ համացանցում միայն դրական արձագանքներ կարելի է տեսնել։ Մոտ հարյուր գովեստ և ոչ մի դժգոհություն։ Նման բան հազվադեպ կարելի է հանդիպել։ «Դրախտի» հյուրերը գրում են, որ կերակուրը համեղ է, չափաբաժինները` մեծ, գները` մատչելի, տերերը` բարեհամբույր։ Գրում են նաև սիրալիր Լյուտվիայի մասին, որին Լյուտիկ են անվանում։

«Ասում են` մի անգամ «Դրախտ` Համլետի մոտ» հարևան պոլիկլինիկայից բժիշկներ են եկել։ Նրանք «Ռևիզորի» պես ձեռքով ստուգել են սեղանները և միայն դրանից հետո են սկսել այստեղ ճաշելու գալ։ Մաքուր է, ինչպես հիվանդանոցում», — վստահեցնում են «ԿՊ»-ի թղթակիցները։