ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվա կատարած այցի շրջանակում օգոստոսի 11-ին պաշտոնական հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ- ռուսական երկկողմ ռազմաքաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները։ Կողմերն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՀԱՊԿ- ի շրջանակներում համատեղ ծրագրերին։
Անդրադառնալով Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող իրավիճակին, երկու երկրների պաշտպանության նախարարները կարևորել են փոխադարձ վստահության և համատեղ ռազմավարական դաշնակցային շահերի վրա հիմնված պայմանավորվածությունների հետևողական կյանքի կոչումը։
Տոնոյանն իր գործընկերոջն է ներկայացրել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ- ադրբեջանական պետական սահմանին, մասնավորապես՝ նախիջևանյան ուղղությամբ տիրող իրավիճակը։ Իր հերթին հայկական կողմի խնդրանքով ՌԴ պաշտպանության նախարարը ներկայացրել է Սիրիայում տիրող օպերատիվ և հումանիտար իրավիճակը։
Տոնոյանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կողմից Սիրիայի ժողովրդին տեղում համակողմանի մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու մտադրությունը։
Խոսելով ռազմատեխնիկական համագործակցության խնդիրների շուրջ` ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները կարևորել են այս ոլորտում առկա ծրագրերի ժամանակին իրականացումը։
Հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարարն իր գործընկերոջը շնորհակալություն է հայտնել նաև Համաբանակային խաղերի փայլուն կազմակերպման համար և շնորհավորել ՌԴ ԶՈՒ թիմերի գերազանց ելույթների կապակցությամբ։