Վարդան Բոստանջյանը զրկվեց պատգամավորական մանդատից

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ստորագրել է Բոստանջյանի` պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Վարդան Բոստանջյանն այլևս պատգամավոր չէ։ Ինչպես հայտնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ստորագրել է «Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանի` պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրությունը։

Հիշեցնենք, որ Բոստանջյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հուլիսի 31-ին։

«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը հետ չի վերցնում հրաժարականի դիմումը, նրա պատգամավորական լիազորությունները դադարեցվում են։

Բոստանջյանը պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համամասնական ընտրական ցուցակով 2017թ. ապրիլի 2-ին:

Ըստ մամուլում առկա տեղեկությունների` Բոստանջյանի հրաժարականի պատճառ էր դարձել այն, որ նա Ռոբեր Քոչարյանի կալանավորումից հետո հայտարարել էր` դրա անհրաժեշտությունը չկար և դա որակել էր որպես հետապնդում երկրորդ նախագահի նկատմամբ: Դրանից հետո տեղեկություններ տարածվեցին, որ «Ծառուկյան» դաշինքից պատգամավորին հրահանգել են վայր դնել մանդատը: