Հովիկ Աբրահամյանի եղբայրը 2 ամսով կալանավորվեց

Դատարանը բավարարեց Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվել է: Դատական դեպարտամենտից հայտնում են, որ դատարանը օգոստոսի 11-ին բավարարել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

ԱԱԾ անակնկալը չուշացավ. Հովիկ Աբրահամյանի եղբայրը բերման է ենթարկվել

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում Հենրիկ Աբրահամյանին 10.08.2018թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

Մեղադրանքի համաձայն՝ նա ապօրինի կերպով ձեռք է բերել և Ամբիկ Գևորգյանի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս անվամբ ձևակերպված, սակայն փաստացի Հենրիկ Աբրահամյանի եղբորը՝ Հովիկ Աբրահամյանին պատկանող` Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում ապօրինի կերպով պահել է հրազեն հանդիսացող, գործարանային արտադրության 5,45 մմ տրամաչափի 7 հատ ինքնաձիգ, 5,45 մմ տրամաչափի 3 հատ ակոսափող ձեռքի գնդացիր, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր օպտիկական նշանառության սարքով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր պահեստատուփով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ ակոսափող ինքնալից կարաբին, 5,62 մմ տրամաչափի մեկ հատ որսորդական ակոսափող կարաբին՝ իր պահեստատուփով, արհեստագործական եղանակով պատրաստված, 9 մմ տրամաչափի փամփուշտներով կրակելու համար հարմարեցված մեկ հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող` ընդհանուր 2909 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ, որոնք հայտնաբերվել և առգրավվել են 2018թ. օգոստոսի 6-ին նշված տարածքում կատարված խուզարկությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: