Փաշինյանը պատրաստ է հանդիպել Ալիևի հետ

ՀՀ վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի հետ հնարավոր հանդիպման հարցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Հայաստանը պատրաստ է իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի, այդ թվում` բանակցությունների վերսկսմանը։ Այսօր Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հետ հնարավոր հանդիպմանը վերաբերող հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բոլորս հասկանում ենք, որ անհրաժեշտ է որոշակի նախապատրաստական փուլ, որոշակի նախապայմաններ բանակցությունների վերսկսման համար։ Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել բանակցային գործընթացը կառուցողական հունով շարունակելու` այն քաղաքական պարտավորությունների շրջանակում, որ մենք ստանձնել ենք, և ՀՀ ազգային շահերի համատեքստում»,- ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, իր նախորդ հարցազրույցներից մեկում Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպելու պատրաստակամություն էր հայտնել, բայց որոշակի պայմանավորվածություն այս պահին չկա։

Հստակություն չկա նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հավանական հանդիպման հարցում, թեև հայտարարվել էր, որ այդ թեման քննարկվել էր Փաշինյանի բրյուսելյան այցի ընթացքում։