«Ջերմուկ Գրուպի» բեռնատարի վարորդը Երևանում մահացու վրաերթի է ենթարկել տղամարդուն

Վարորդը չի փախել, օգնել է տղամարդուն հիվանդանոց տեղափոխել, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Երևանի Շիրակի փողոցի թիվ 2 և 4 շենքերի միջև բեռնատարը վրաերթի է ենթարկել Երևանի 65-70 տարեկան տղամարդ բնակչին։ Դեպքը տեղի է ունեցել այսօր` օգոստոսի 11-ին, ժամը 11:00-ի սահմանում։

Shamshyan.com կայքի տեղեկություններով` բեռնատարը պատկանում է «Ջերմուկ Գրուպ» ընկերությանը։ Այն վարելիս է եղել Երևանի բնակիչ, 27 տարեկան Բենիկ Մելքոնյանը։

Նույն կայքի համաձայն` վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների հետ օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Բայց վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցը ճանապարհին մահացել է։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: Հարուցվել է քրեական գործ՝ անզգուշությամբ մարդու մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարի հիմքով։