Հայկական բեռները Ադրբեջանի «հագով» չեն. Վերին Լարսի առաջարկված նոր այլընտրանքը անպիտան է

Վրաստանում ու Հայաստանում կասկածամտորեն են վերաբերվում Ադրբեջանի միջով անցնող Վերին Լարսին այլընտրանք ճանապարհ ունենալու նախագծին։
Sputnik

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Թե՛ Վրաստանի, թե՛ Հայաստանի փորձագետները համոզված են, որ Վրաստանն ու Ռուսաստանն իրար կապող երկաթուղին, որը կանցնի Ադրբեջանով, չի կարող Վերին Լարսին արժանի այլընտրանք լինել։

Բանն այն է, որ Վրաստանում Վերին Լարսին նոր այլընտրանք են գտել։

Վերին Լարսի կիլոմետրերով հերթը չի կրճատվում. ի՞նչ իրավիճակ է այսօր. տեսանյութ

Դա Վրաստանից Ռուսաստան՝ Ադրբեջանով  տանող երկաթուղին է։ Այս նախագծի նախաձեռնողն ու նախագծողը «Ռուս-վրացական հարաբերությունների վերածնունդ ու զարգացում» հիմնադրամի հիմնադիր, հասարակական գործիչ Դավիթ Ցեցխլաձեն է։

«Երկաթուղին լավագույն այլընտրանքն է, դա են վկայում փորձագետների կարծիքներն ու բիզնես-մոդելը: Երկաթուղին զգալիորեն կբարելավի իրավիճակը Վերին Լարսում՝ ճանապարհն այդպես ծանրաբեռնված չի լինի»,- հայտարարել է Ցեցխլաձեն՝ նշելով, որ Ադրբեջան-Վրաստան-Ռուսաստան տարանցման ժամանակը կտևի 3 օր, կկանխի ֆորս-մաժորային իրավիճակների ձևավորումը:

Նա նաև ընդգծել է, որ քաղաքական պատճառներով ճանապարհը «փակ» կլինի հայկական բեռների համար։

Տրանսպորտային միջանցքի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին իր հերթին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում կասկածամտորեն վերաբերվեց նախագծին։

«Առաջին հերթին պետք է հասկանալ` որքանով այն շահավետ կլինի Վրաստանի համար», –ասաց Ցագարեիշվիլին։

Առանց հայկական բեռների առաջարկված երթուղին զուտ վրաց-ադրբեջանական է։ Ռուսաստանի ու Ադրբեջանի ապրանքաշրջանառությունը իրականացվում է երկաթուղով` Կասպից ծովը շրջանցելով։

«Եթե խոսքն այդ ճանապարհի մասին է, ապա այդ ուղղությունն առանց դա էլ աշխատում է` կապելով Ռուսաստանն ու Ադրբեջանը։ Դրանով Սև ծովի նավահանգիստներով կարևոր բեռները Վրաստան են հասնում», – ասաց Ցագարեիշվիլին։

Ի՞նչ անել Վերին Լարսի վիճակը թեթևացնելու համար. քննարկում հայկական և ռուսական կողմերի միջև

Սակայն այդ ճանապարհը չի կարող դիտարկվել որպես Վերին Լարսին այլընտրանք։ Ցագարեիշվիլիի կարծիքով` Լարսի միակ արդյունավետ այլընտրանքը Աբխազիայով անցնող երկաթուղին է։

«Իհարկե, դրա մասին կարելի է  խոսել քաղաքական  հարցի լուծումից հետո։ Սակայն պետք չէ մոռանալ, որ նույնիսկ այդ երթուղին ավելի շատ պետք է Աբխազիայի ու Հայաստանին, քան Վրաստանին», – ասաց փորձագետ։

Նա նշեց, որ Հայաստանը դրա կարիքն ունի երկաթուղով Ռուսաստան հասնելու համար։  Ռուսաստանին ճանապարհը պետք է Իրանից ու Հնդկաստանից բեռների հոսքը ապահովելու համար։ Ամենաքիչը դա Վրաստանին է պետք, քանի որ տարանցային բեռնափոխադրումներն այդ երթուղիով աննշան են, եթե խոսքը միայն Միջին Ասիայից եկող ապրանքների մասին է, ամփոփեց փորձագետը։

Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը նույնպես կարծում է, որ Ադրբեջանով անցնող ճանապարհն արդյունավետ չէ։ Հայաստանն այդ ճանապարհով բեռներ չի փոխադրելու, իսկ Ռուսաստան գնացող վրացական ապրանքները դժվար թե կարողանան արդարացնել ճանապարհի մեկնարկի համար ծախսված  ներդրումները։

Փորձագետը շարունակում է  պնդել, որ Վերին Լարսի ամենաարդյունավետ այլընտրանքը  տնտեսական տեսակետից Նար (Հյուսիսային Օսեթիա) – Գորի երթուղին է, որն անցնում է Հարավային Օսեթիայի տարածքով։ Այն Լարսից 80 կմ ավելի երկար է, բայց օսական երթուղին գերադասելի է առավել հարմար կլիմայական պայմանների և ռելիեֆի բերումով։

Դաղստանի ճանապարհը (Ավարա-կախեթական ճանապարհ) նույնպես վատ այլընտրանք է, քանի որ, առաջին հերթին, այն ապահով չէ, երկրորդ` մինչև շահագործումը մեծ ներդրումներ է պահանջում։ Փորձագետի խոսքով` երկաթուղային ճանապարհը ֆունկցիոնալ չէ. Ռուսաստանից Հայաստան գնացքով տեղափոխումը կարող է մինչև 40 օր տևել, լաստանավային փոխադրումն էլ թանկ հաճույք է։

Այսօր փորձագետներն այլընտրանքային վեց տարբերակ են դիտարկում` օդային, ծովային (Փոթիից), երեք ցամաքային (միջանցքը Հարավային Օսեթիայից, Դաղստանից Ավարա-կախեթական ճանապարհը, Վերին Լարս) և երկաթուղային (անցնում է Զուգդիդի-Սոչի երթուղով և Աբխազիայի միջով) ճանապարհները։

Սակայն հայկական բեռների փոխադրման տեսանկյունից ամենաարդյունավետը միևնույնն է Վերին Լարսն է։ Այդ երթուղին ամենաարդիականն է` հաշվի առնելով, որ այն ամենակարճն է։

2018  թվականի հունվար–հունիս ժամանակահատվածում Հայաստանից ԵԱՏՄ երկրներ ապրանքի արտահանումը աճել է 28,5% –ով 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ` կազմելով 290.3  միլիոն դոլար։ 2018 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից Ռուսաստան արտահանումն աճել է 27.5%–ով, կազմելով 281.2 միլին դոլար։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տվյալներով` 2018 թվականի հունվար–հունիս ամիսներին ապրանքաշրջանառությունը Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 28,9%–ով ու կազմել է 3476.1 միլիոն ԱՄՆ դոլար` նախկին 2697.0 միլիոն դոլարի փոխարեն։