Շուռնուխցիները դիմել են մարդու իրավունքների պաշտպանին

Մարդու իրավունքների պաշտպանն աշխատանքային խումբ է գործուղել Շուռնուխ` լսելու գյուղի բնակիչների մեկնաբանությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik.Շուռնուխ գյուղում տեղի ունեցած միջադեպից հետո գյուղի մի շարք բնակիչներ իրենց իրավունքների պահպանության մտահոգություններով դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին:

Հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից` հավելելով, որ ՄԻՊ–ն ի պատասխան աշխատանքային խումբ է գործուղել Շուռնուխ։

«Հաշվի առնելով միջադեպի վերաբերյալ բազմակողմանի պատկերացում կազմելու և ամբողջական գնահատական ձևավորելու նպատակով գյուղի բնակիչներին լսելու կարևորությունը՝ Պաշտպանի կողմից աշխատանքային խումբ է գործուղվել Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղ»,– ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ:

«Շնագայլային ձայներ», խմբակային լոգանք. ամեն ինչ արել են Շուռնուխում ծեծ ուտելու համար

Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպելու են գյուղի բնակիչներին, լսելու նրանց բարձրացրած հարցերը, հանդիպելու են նաև Ոստիկանության ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք` միջադեպից անմիջապես հետո ՄԻՊ–ը հայտարարություն էր տարածել, որում անընդունելի էր համարել վատ վերաբերմունքի, այդ թվում՝ բռնության ցանկացած դրսևորում՝ անկախ նրանից, թե ում նկատմամբ է կատարվել և որտեղ։

ՄԻՊ–ը նաև անհրաժեշտ էր համարել դեպքի բոլոր հանգամանքների ուսումնասիրությունը և անաչառ քննությունը:

Դեպքի վերաբերյալ Ոստիկանության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն` օգոստոսի 3-ին, ժամը 20:00-ի սահմաններում, Շուռնուխ գյուղի մի խումբ բնակիչներ 1997 թ. ծնված Հայկ Հ.-ից և նրա ընկերներից պահանջել էին հեռանալ գյուղից՝ պատճառաբանելով, որ վերջիններս համասեռամոլներ են, այնուհետև նրանց միջև առաջացել էր վիճաբանություն, որի ընթացքում գյուղացիներից ոմանք ծեծել էին Հայկ Հ.-ին ու նրա ընկերներին:

Չորս անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղից էլ ոստիկանների ուղեկցությամբ` Երևան:

Ավելի ուշ տեղեկություն տարածվեցին այն մասին, որ Շուռնուխ գյուղի ավելի քան 30 բնակիչ հարձակվել են ԼՀԲՏ 9 ակտիվիստի վրա, որոնք մինչ այդ խմբակային անառակաբարող գործողություններ են կատարել, խանգարել մարդկանց գիշերային հանգիստը և, հրահրելով գյուղացիներին, ծնել վիճաբանություն: