Հանրային լողափերն անվտանգ են. նախարարը մեկնաբանել է Սևանում լողալու շուրջ աղմուկը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Սևանում իր և մարզպետի լողալուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Սևանում վտանգավոր է լողալ միայն մեկ ափում, մնացած տեղերում լողալն անվտանգ է։

30 տարի Սևանի ջուրը խմել ենք. սևանցիները վստահեցնում են՝ լիճը վտանգավոր չէ

Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում, մեկնաբանելով Սևանա լճում լողա–չլողալու շուրջ առկա խոսակցությունները, ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ 

«Օգտագործվող ափերի մեծամասնությունում ոչ մի վտանգ էլ չկա։ Դրա համար մենք՝ Գեղարքունիքի մարզպետի հետ, հորդորեցինք, որ ոչ մի վտանգ էլ չկա, կարող են հանգիստ գալ և լողալ հարաբերականորեն մաքուր ափերում։ Ինչքան գիտեմ` հանրային լողափերում այդ խնդիրը չկա ընդհանրապես»,– վկայակոչելով մասնագետների եզրակացությունները` ասաց Թորոսյանը։

Իսկ մտահոգությունները, թե առողջապահության նախարարության հայտարարությունը վնասել է զբոսաշրջության բիզնեսում ներգրավված անձանց, Արսեն Թորոսյանը չի ընդունում` նշելով, որ նախարարությունն իրավունք չուներ քաղաքացիներին չզգուշացնելու հնարավոր վտանգի մասին։

«Թե դա ինչ տնտեսական հետևանքներ կունենար արդեն երկրորդական էր, մարդկանց առողջությունն ավելի կարևոր է»,– ասաց նա։

Այդուհանդերձ, Սևանում հանգստացողների`բժիշկներին դիմելու մասսայական  կամ ծանր դեպքեր, նախարարի խոսքով, չեն եղել։

Աբսուրդի թատրոն՝ Սևանի ափին. ինչի՞ դեմ են բողոքում գեղարքունիքցիները

Հիշեցնենք, օրեր առաջ Սևանում բիզնես ունեցող քաղաքացիները բողոքի ակցիա էին  կազմակերպել Երևան–Սևան մայրուղում` սպառնալով փակել ճանապարհն ու պահանջելով  կառավարության պատասխանատու անդամների հետ հանդիպում։

Նրանց խոսքով, Սևանի ջրի վտանգավորության մասին լուրերն իրենց զրկել են հանգստացողների հոսքից ու եկամուտներից։

Բանն այն է, որ հուլիսի վերջին տասնօրյակում Սևանա լճում ավելացել էր կապտականաչավուն ջրիմուռների քանակը, որն ազդել է ոչ միայն լճի գույնի, այլև ջրի որակի վրա։

Հուլիսի 26-ին,  ցույց տալու համար, որ Սևանի ջուրն անվտանգ ու մաքուր է, «Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը հրապարակավ խմել էր դրանից։

Արսեն Թորսյանը փորձարկել է Սևանի ջուրը. հետևանքներն ու օգտատերերի արձագանքը. տեսանյութ

Նրա օրինակի հետևել էին նաև ֆլեշմոբի այլ մասնակիցներ։

Հուլիսի 29-ին առողջապահության նախարարն ու Գեղարքունիքի մարզպետն էլ, վստահեցնելու համար, որ Սևանում լողալն անվտանգ է ֆեյսբուքյան ուղիղ եթերում մտել էին Սևանա լիճը` լողալու։

Մինչ այդ, առողջապահության նախարարությունը քաղաքացիներին հորդորել էր զերծ մնալ ծաղկած ջրում լողալուց: