Սամվել Ֆարմանյանը դեռ շատ է խոսելու. պատգամավորի արձագանքը` քրոջ նկատմամբ հարուցված գործին

Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Շիրակի ընդհանուր իրավասության դատարանը Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր, ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քրոջը՝ Անահիտ Ֆարմանյանին, կալանավորելու որոշում է կայացրել։ Միաժամանակ նախկին պրոռեկտորի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Անահիտ Ֆարմանյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու համար։

Նախարարի կեսգիշերային հանդիպումները. Շիրակի համալսարանի հակամարտության հետքերով

Հուլիսի 10-ին դատախազությունը հայտարարել էր, որ Շիրակի պետական համալսարանում, առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարներ են յուրացվել, խարդախության դեպքեր են բացահայտվել, որոնց հիմքով էլ քրեական գործ է հարուցվել:

Այս թեմային ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նաև պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։ Նա նշել է, որ հրապարակված տեղեկությունները ճշտման փուլում են, և մինչ դրանց ճշտումն ինքը արձագանք և քաղաքական գնահատական չի տալու։

Միաժամանակ նա խոստանում է, որ այդ մասին «դեռ շա՜տ է խոսելու»։

«Ես գտնվում եմ պաշտոնական արձակուրդում։ Եթե մինչ արձակուրդիս ավարտը՝ օգոստոսի 13-ը, ինձ ևս մեղադրանք չառաջադրվի (օրինակ, 1926 թ. ընդունված ՍՍՀՄ Քրեական օրենսգրքի 58.1 հոդվածով՝ հակահեղափոխական գործունեություն ծավալելու համար), և ԱԺ-ն շրջանցելով չկալանավորվեմ, ապա կհանդիպենք մամուլի ասուլիսում»,– գրում է նա։

Ի դեպ, երեկ Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Գյումրու ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը։