Մեկնարկը տրված է. ՊԵԿ փոխնախագահին պաշտոնանկությանը կհետևեն ուրիշները

Մաքսային ոլորտի աշխատանքից դժգոհ ՊԵԿ նախագահը ստիպել է ազատման դիմումներ գրել։ Փոխնախագահն արդեն գրել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արա Գաբրիելյանն այսօր ազատվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։

ՀՀ կառավարության կայքում հրապարակված որոշումից պարզ է դառնում, որ Գաբրիելյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն։

Եղե՛ք ուշադիր, որ խուսափեք վարչական տուգանքներից. ՊԵԿ

Այս պաշտոնանկությունը հետաքրքրական է այնքանով, որ մինչ այդ արդեն իսկ հայտնի էր, որ այն տեղի է ունենալու։ Հիշեցնենք, օրեր առաջ Sputnik Արմենիան հայտնել էր, որ ՊԵԿ նախագահը զայրացել է ու մաքսային բլոկի ղեկավարների առաջ ազատման դիմում գրելու խնդիր դրել: Դավիթ Անանյանի թիրախում հատկապես ոլորտը համակարգող ՊԵԿ նախագահի տեղակալ Արա Գաբրիելյանն էր:

Հարկ է ենթադրել, որ այս պաշտոնանկությանը կհետևեն մեկ տասնյակից ավելի այլ ազատումներ, քանի որ նույն տեղեկության համաձայն` ՊԵկ նախագահից վերջնագիր ստացածների 10-12 հոգանոց ցուցակում ներառված են նաև տարբեր մաքսատների պետեր, մաքսանենգության դեմ պայքարի տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ և այլք: