Նախկին պաշտոնյաներին կարգելեն հեռանալ Հայաստանից ու օգտվել բանկային հաշիվներից.«Ժողովուրդ»

Մարտի 1-ի հետ առնչվողների «սև ցուցակներ» են կազմվել, բանկային հաշիվների վրա էլ արգելանք է դրվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Նախկին իշխանության ներկայացուցիչները, որոնք ինչ–որ չափով առնչվել են 2008թ. մարտի 1-ի ոճրագործությանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, հայտնվել են ծանր դրության մեջ:

Թերթի տեղեկություններով, ներքին կարգով արգելանք է դրվել մարտի 1-ին հնարավոր առնչություն ունեցող նախկին պաշտոնյաների բանկային հաշիվների վրա, ընդ որում, խոսքը նաև օտարերկրյա պետություններում գործող բանկերում նրանց ունեցած հաշիվների մասին է:

Արմեն Գևորգյանի գործը միացվել է Մարտի 1-ի քրեական գործին

Ըստ թերթի` նման իրավիճակում հայտնվածներից մեկն էլ 2008 թվականին Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Միքայել Հարությունյանն է, որին ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել սահմանադրական կարգը տապալելու համար և հայտարարել հետախուզում։

Այս համատեքստում «Ժողովուրդը» պատահական չի համարում ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտարարությունը` երկրից թալանված և արտերկրում հանգրվանած ունեցվածքի նույնականացման և վերադարձի գործընթաց սկսելու համար Համաշխարհային Բանկի ղեկավարությանը նամակով դիմելու մասին:

Բացի բանկային հաշիվներն արգելափակելուց, «Ժողովրդի» տեղեկություններով, ՀՀ իշխանությունը Հայաստանում գործող արևմտյան մի շարք երկրների դեսպանատներ է ուղարկել նախկին պաշտոնյաների «սև ցուցակներ», որպեսզի նրանց մերժեն իրենց երկրներ մուտքի վիզա տրամադրել` խափանելով հայաստանյան արդարադատությունից խուսափելու նրանց մտադրությունները։