Առողջապահության նախարարությունը հասավ Ֆիզիոթերապիայի ինստիտուտ. 30 մլն դրամի չարաշահում

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում որոշ մանրամասներ է ներկայացրել հայաստանյան բուժհիմնարկներում կատարված ստուգումներից ու դրանց արդյունքում արված բացահայտումներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Առողջապահության նախարարությունը ստուգումներ է իրականացնում Երևանի Ֆիզիոթերապիայի ինստիտուտում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Գուցե թվի մեջ սխալվեմ, բայց մոտ 30 մլն դրամի անհամապատասխանություն է գտնվել»,– ներկայացնելով անցկացված ստուգման արդյունքները`ասաց Թորոսյանը։

Առողջապահության նախարարը նոր բացահայտում է արել. թանկարժեք ավտոմեքենա ու 100 մլն–ի պարտք

Նա նաև նշեց, որ անհամապատասխանությունը հայտնաբերելուց հետո բժշկական հաստատությունների հետ քննարկվում է դրանց վերականգնելու հնարավորությունը։

«Քննարկվում է` պետք է վերականգնվի՞, թե՞ պետք է հանվի այս տարվա բյուջեից»,– ասաց նախարարը։

Ֆիզիոթերապիայի ինստիտուտում ստուգումներն ավարտելուց հետո նախարարությունն անցնելու է տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրով ծախսված գումարների ստուգմանը։

Ստուգումները, նախարարի խոսքով, ինքնանպատակ չեն։ «Հաստատություններ են եղել, որ երկար տարիներ չեն ստուգվել, և առնվազն մեկ անգամ մաքուր թղթից սկսելու խնդիր կա, որպեսզի հաստատությունները հասկանան` արդյոք ի՞նչ արել են պիտի շարունակեն, թե՞ ոչ և մեր մոտեցումներն ընդունեն։ Ոչ մի հավելագրում, ոչ մի չբուժված հիվանդի գումար պետությունից չի գանձվելու»,– ասաց նա։

Ի դեպ, եթե նույնիսկ նախկինում ստուգումներ եղել են, դրանք ոչ մի հետևանք չեն ունեցել` ո՛չ ֆինանսական, ո՛չ կարգապահական։

Հիշեցնենք` Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում կատարված ստուգումների արդյունքում նախարարությունը 300 միլիոն դրամի չարաշահում էր հայտնաբերել, որից հետո աշխատանքից ազատվել էր ԲԿ տնօրեն Արա Մինասյանը: