«Ապրիլյան մարտերի» մասնակից նշումը՝ խնդրո առարկա. տղաները բողոքում են

Վարչապետի խորհրդականն ու ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետն ընդունել են զորացրված մի խումբ զինծառայողների:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Նիկոլայ Բաղդասարյանը և Ալեքսանդր Ավետիսյանն ընդունել են  զորացրված մի խումբ զինծառայողների, որոնք պահանջում են զինվորական գրքույքներում արձանագրել՝ 2016 թ. ապրիլյան քառօրյա մարտերին իրենց մասնակցության փաստը։

Ովքե՞ր են ներառված ՊՆ հասարակական խորհրդի կազմում

Տղաներին ներկայացվել են 2016 թ.-ի ապրիլին տեղի ունեցած մարտերին վերաբերող իրավական դրույթները, զինգրքույկներում մարտերին մասնակցությունը հավաստող նշումների կարգը։ Զորացրված զինծառայողներն իրենց հերթին ներկայացրել են հիմնավորումներն առ այն, որ որոշակի մասնակցություն են ունեցել ապրիլյան քառօրյա գործողություններում, մինչդեռ զինվորական գրքույքներում որևէ նշում այդ մասին չի կատարվել։

Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ վարչապետի հանձնարարությամբ առաջիկայում ուսումնասիրվելու են ապրիլյան մարտական գործողություններում ներգրավված ստորաբաժանումների փաստաթղթերը, մասնավորապես՝ վերանայվելու է մասնակիցների ցանկը, որի շնորհիվ էլ ուշադրության կենտրոնում կհայտնվեն զորացրված տղաների բարձրացված հարցերը։