ՊՆ գնումներում առկա խնդիրներով զբաղվում է ԱԱԾ քննչականը

ՀՀ վարչապետի` կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնականի հայտնած տվյալները և տրամադրված փաստաթղթերը փոխանցվել են ԱԱԾ ռազմական հակահետախուզության գլխավոր վարչությանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Վարչապետի` կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնականի  հայտնած տվյալների և տրամադրած փաստաթղթերի հիման վրա Ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով  ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման հատկանիշներով։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածություն չի քննարկվել, իսկ ՊՆ գնումներում դեռ խնդիր կա

Այս մասին ասվում է ծառայության տարածած հաղորդագորության մեջ:

«Քրեական գործով պարզված նախնական տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գործող շուրջ 10 առևտրային ընկերություններ 2009-2017 թվականների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքված  պայմանագրերով հանձն են առել բանակի կարիքների համար մատակարարել ավելի քան տաս միլիարդ ՀՀ դրամ արժեքով տարատեսակ ապրանքներ և սպառազինություն, սակայն պայմանագրային ժամկետներն էականորեն խախտելով, առանց հիմնավոր պատճառների, մատակարարումներն առ այսօր չեն իրականացրել,  կամ մատակարարել են պայմանագրերում նախատեսվածից իրականում ցածր արժեք ունեցող, անորակ ապրանքներ։

ԱԱԾ անակնկալը չուշացավ. Հովիկ Աբրահամյանի եղբայրը բերման է ենթարկվել

Նախաքննության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ  ստուգվելու են առևտրային ընկերություններին փոխանցված գումարների տնօրինման, արդեն իսկ մատակարարված ապրանքների ընդունման և գործի համար էական նշանակություն ունեցող մյուս հանգամանքները: Պետությանը պատճառված վնասի ճշգրիտ չափը հաշվարկելու համար նշանակվելու են համապատասխան ստուգումներ և փորձաքննություններ, պարզաբանվելու են անօրինական գործարքներին մասնակցած անձինք և նրանց արարքներին տրվելու է քրեաիրավական գնահատական։

ՀՀ վարչապետի աշխատակազմի հետ ակտիվ համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ»,-ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ: