Ովքե՞ր են Մարտի 1–ին կրակել Աբրահամյանների տանը հայտնաբերված զենքերից. ԱԱԾ պետ

Հովիկ Աբրահամյանի տանը գտված զենքերից, ըստ նախնական վարկածի, մարտի 1-ին կրակել են թիկնազորի անդամներն ու կողմնակիցները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. ԱԱԾ-ն օպերատիվ տվյալներ է ստացել, որ Ջոնիկ Աբրահամյանին պատկանող տարածքում թաքցված են զենքեր, որոնք կարող են առնչություն ունենալ Մարտի 1-ի հետ: Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով երեկվա աղմկահարույց բացահայտմանը, ասաց ԱԱԾ նախագահ Արթուր Վանեցյանը:

«Բայց դա դեռ վարկած է: Արդյունքները պարզ կլինեն համապատասխան փորձաքննություններից հետո»,- ասաց նա:

ՀՔԾ պետը` Հովիկ Աբրահամյանի մասին

Զենքերը, նախնական վարկածով, օգտագործվել են Աբրահամյանների թիկնազորի անդամների կողմից:

«Ես չեմ կարող ասել, որ դա Հովիկ Աբրահամյանի կողմնակիցներն են: Ես կարող եմ միայն ասել, որ նախկինում և ներկայում իրականացվող միջոցառումների արդյունքում հայտարարվել է, որ Մարտի 1-ի դեպքերին մասնակցել են այլ անձինք, որոնք իրավապահ համակարգի ներկայացուցիչներ չեն եղել: Եղել են թիկնապահներ, չակերտավոր կողմնակիցներ և այլն: Ես չեմ նշելու Հովիկ Աբրահամյանի անունը, որ դրանք եղել են իր կողմնակիցները: Հայտնաբերվել են զենքեր, որոնք եղել են Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում»,- ասաց ԱԱԾ նախագահը:

Ինչ վերաբերում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ԱԱԾ պետն այդ հարցով դիմել է Հատուկ քննչական ծառայության ղեկավարին` նշելով միայն, որ նախկին վարչապետն այսօր Հայաստանում է:

ԱԱԾ անակնկալը չուշացավ. Հովիկ Աբրահամյանի եղբայրը բերման է ենթարկվել

Հիշեցնենք, որ երեկ` օգոստոսի 8–ին ՀՀ ԱԱԾ–ն տեղեկացրեց, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք:

Ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալվել են Ամբիկ Գևորգյանն ու Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը: