Ի՞նչն էր ստիպել տղամարդուն ոտքերը մեխել նստարանին. նոր մանրամասներ

Երևանի Հանրապետության հրապարակում իրեն նստարանին մեխած քաղաքացին այս քայլին է դիմել աշխատանքից զրկվելու պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Երևանի Հանրապետության հրապարակում իրեն նստարանին մեխած Արմեն Ե.–ն Վարդենիս քաղաքի բնակիչ է ծնված 1976 թվականին։ Ականատեսները Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասացին, որ տղամարդն ասել է, որ այդ քայլին դիմում է գործազրկության պատճառով։

Հանրապետության հրապարակում քաղաքացին ոտքերը մեխել է նստարանին

«Երբ տեսանք, նա արդեն մեխել էր իրեն նստարանին ու կուչ եկած մրմնջում էր, որ անգործ է մնացել։ Ասում էր` ինչպես է ընտանիք պահելու», – պատմեց ականատեսը։

Նրա խոսքով, Արմեն Ե.–ն աշխատում էր ոսկու հանքում։ Ականատեսը պատմում է, որ նա մեծ մեխերով ոտքերը մեխել էր նստարանին ու այնպես էր թեքել դրանք, որ դժվար լինի հանել։ Տղամարդուն հիվանդանոց տանելու համար փրկարարները ստիպված էին կտրել նստարանի մի մասը։

Դեպքի վայր էին եկել ՀՀ ԱԻՆ–ի աշխատակիցներն ու շտապօգնության խումբը։ Նրանք ստիպված էին սղոցել նստարանը, որ կարողանան տղամարդուն հիվանդանոց հասցնել։