Մեր խնդիրը բիզնեսին չխանգարելը, հետո նոր օգնելն է. Փաշինյանը կոչ է անում ներդրումներ անել

Կառավարությունը հարկային արտոնություններ տրամադրեց 4 ընկերությունների և կոչ արեց ներդրողներին գալ Հայաստան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Նոր կառավարության գործունեության 3 ամիսների ընթացքում կառավարությունը հաստատել է ներդրումային 6 ծրագիր` 42 մլն դոլար ներդրմամբ ու 609 աշխատատեղերի ստեղծման խոստումով: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

Միևնույն ժամանակ կառավարությունը 3 տարով ԱԱՀ վճարումը հետաձգելու արտոնություն է տվել 4 ընկերության` 5,26 մլրդ դրամ ներդրման ու 206 աշխատատեղերի խոստմամբ:

Կառավարական պատվիրակությունը 10 միլիոն դոլարի ներդրումներ է համաձայնեցրել

Կառավարությունն այսօր ևս 3 նման որոշում կայացրեց`արտոնություններ տալով «Ռոք բերի», «Արման ընդ պարտնյոր», «Սահլեվս» և «Բոնվառոն»  ընկերություններին, որոնք 450 աշխատատեղ են խոստանում բացել:

Որոշման նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց, որ որևէ ընկերությանն արտոնություն տալը հասարակության շրջանում կասկածի տեղիք չտա:

«Կարևոր է, որ այս պրոցեսը լինի հրապարակային, որպեսզի մարդկանց մոտ կասկածներ չառաջանան ստվերային գործարքների մասին»,- ասաց նա՝ ընդգծելով, որ իրենց առաջնային խնդիրն է բիզնեսին չխանգարելը, հետո նոր օգնելն է:

Որքա՞ն ծամոն է ծամում Հայաստանը. Կառավարությունը զարմացած է, բայց չի առարկում

«Տարիներ շարունակ խոսվել է այն մասին, որ տնտեսական գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է ինչ-որ մարդկանց «դաբրո»: Այսօր այս խոչընդոտը վերացված է, խնդիրը տեղափոխվել է աշխատանքի, ստեղծագործության, մտքի դաշտ: Հայաստանը մի երկիր է, որտեղ հետևողական, գրագետ աշխատանքով կարելի է հասնել լրջագույն արդյունքների, և կառավարությունը իրենից կախված ամեն ինչ անում է հավասար հնարավորությունների ու օրենքի հավասարության դաշտ ապահովելու համար»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նաև խոստացավ, որ որևէ կոռուպցիոն պահանջ որևէ մեկն իրավունք չունի դնել ներդրողների առաջ, իսկ նման փորձերի դեպքում մեղավորները խիստ պատժի կարժանանան:

Արծվիկ Մինասյանն էլ խոստացավ առաջիկայում հրապարակել բոլոր այն ընկերությունների ցանկը, որոնք  ներդրումների ցանկություն հայտնողների բանակ են ձևավորվել: