ՀՔԾ պետը` Հովիկ Աբրահամյանի մասին

Քննչական մարմնի պետը պատասխանեց լրագրողների հարցերին այն մասին, թե ինչ կարգավիճակ ու ինչ մեղադրանք է առաջադրվելու Հովիկ Աբրահամյանին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Մարտի 1-ի գործով նոր անձանց ներգրավման մասին տեղեկություններ այս պահին չկան: Այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

Հովիկ ու Ջոնիկ Աբրահամյանների մասին լուրերը ԱԱԾ–ն չի հերքում

Իսկ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կարգավիճակի, նրան ներկայացված մեղադրանքի մասին քննչական մարմինն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ, խոստացավ ՀՔԾ պետը:

Այլ նորություններ ևս Սասուն Խաչատրյանը չցանկացավ հայտնել` պատճառաբանելով նախաքննության շահերով:

Հիշեցնենք, որ երեկ` օգոստոսի 8–ին ՀՀ ԱԱԾ–ն տեղեկացրեց, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք:

Ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալվել են Ամբիկ Գևորգյանն ու Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը: