Հայտնի ընկերությունները չեն վճարում «1000 դրամների » հիմնադրամին

Խոշոր ընկերությունները խուսափում են աջակցել զոհված ու հաշմանդամ զինծառայողներին ու նրանց ընտանիքներին: Դրանցով կզբաղվի ՊԵԿ-ը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Կան հայտնի ընկերություններ, որոնք պարտադիր 1000 դրամները չեն վճարում, այսպես կոչված` «1000  դրամների» հիմնադրամին: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը չհրապարակեց դրանց անունները, բայց խոստացավ այն հանձնել ՊԵԿ նախագահին` հանձնարարելով զբաղվել նշված հարցով:

Ի՞նչ ճակատագիր կունենա «1000 դրամների» հիմնադրամը. ՊՆ–ի մեկնաբանությունը

«Պետք է կոչ անենք, որ բոլոր ընկերություններին շարունակել վճարումները: Այս հիմնադրամը պետք է ավելի մեծանա, որպեսզի շահառու դարձնենք ավելի վաղ ժամանակաշրջանում վիրավորված զինհաշմանդամներին և զոհված զինծառայողների ընտանիքներին»,- ընդգծեց վարչապետը:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կառավարության նիստում առաջարկեց փոփոխություններ կատարել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին»  օրենքում, որի շնորհիվ 2015 թվականի հունվարից 1-ից հետո զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներն ու զինծառայողները կօգտվեն պետության աջակցությունից:

Գործող օրենքով աջակցության իրավունք է վերապահված միայն 2017 թվականի հունվարի 1-ից հետո զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողներին ու նրանց ընտանիքներին:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի ընտանիքներն ու զինհաշմանդամները նախկինում շահառու չէին հանդիսանում, բայց փոփոխությունից հետո պետական աջակցության իրավունք կստանան:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ հայտնեց, որ օրենքի փոփոխությունը հնարավորություն կտա շահառու ճանաչել 183 զոհվածի ու զինհաշմանդամի ընտանիքներին: