Մեծ հիվանդանոցները կպարտավորվեն բուժել դատապարտյալներին

Մինչև 2019թ.-ը խոշոր բուժհիմնարկները սեփական միջոցներով բաժանմունքներ կստեղծեն դատապարտյալների բուժման համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Մեկ տարի հետո բժշկական լուրջ ծառայությունների կարիք ունեցող դատապարտյալները հնարավորություն կունենան բուժվելու քաղաքացիական հիվանդանոցներում: Այսօր կառավարության նիստում, համապատասխան որոշման նախագիծը ներկայացնելիս, ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Առաջարկվող նախագիծը դատապարտյալների համար նախատեսված հատուկ բաժանմունքներ ունենալու պարտավորություն է նախատեսում 500 և ավելի մահճակալ ունեցող բոլոր բուժհիմնարկների համար:

Արտակ Զեյնալյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

«Երևանում 500 և ավելի մահճակալ ունեցող հիվանդանոցներն են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»,  Ուռուցքաբանության կենտրոն, «Էրեբունի» և «Արմենիա» բժշկական կենտրոնները, որոնք պարտավոր են լինելու իրենց մոտ բացել այդ բաժանմունքները», — հարցի քննարկման ժամանակ հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց,  որ դրանցից առաջինը`«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, պետական հիվանդանոց է, ուստի դրա համապատասխան բաժանմունքի բացումը կիրականացվի պետական միջոցներով, մյուսները պարտավոր կլինեն սահմանված ժամկետում սեփական միջոցներով ապահովել որոշման կատարումը:

Այս որոշումը, սակայն, չի նշանակում, որ վերանում է դատապարտյալների հիվանդանոց ունենալու անհրաժեշտությունը: Արդարադատության նախարարի խոսքով` այն կբարելավվի ու կծառայի միայն թեթև հիվանդությունների համար: