ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը միջադեպից մի քանի ժամ առաջ փորձում էին 15 հազար ռուբլի պարտք վերցնել։ Այս մասին «Կոմսոմոլսկի պրավդա» թերթին հայտնել է աղջիկների ընկերուհին։
Քանի դեռ Միխայիլ Խաչատուրյանը մեկ ամիս հիվանդանոցում էր, քույրերը գումար էին հանել ավագ քրոջ` Քրիստինայի բանկային քարտից և ծախսել այդ գումարը, պատմել է ընկերուհին։ Նրա խոսքով` աղջիկները այցելել էին առևտրի կենտրոն, գնումներ կատարել և Մաքդոնալդս մտել։
«Մարիան և Անգելինան ամեն օր էին պատրաստ այնտեղ գնալ և բոլորին հյուրասիրում էին, ով լինում էր մեզ հետ։ Սակայն երբ հայրը վերադարձավ, ցանկացավ ստուգել հաշվեկշիռը, քույրերը վախեցան, քանի որ հայրը գիտեր, թե նրանք տանն են եղել և որևէ տեղ դուրս չեն եկել», – ընկերուհու խոսքերն է մեջբերում թերթը։
Աղջիկն ավելացրել է, որ քույրերը փորձել են պարտք վերցնել ծախսած գումարի չափով, սակայն նրանց չի հաջողվել։ Ընկերուհին ցույց է տվել նամակագրությունը, որտեղ երևում է, որ սպանության օրը`16:18, Անգելինան գրել է նրան, որ «հայրը գժվել է և մտադիր է տնից դուրս գալ», բանկային հաշվի քաղվածքը վերցնելու համար։ Այնուհետև Անգելինան դադարել է պատասխանել հաղորդագրություններին և զանգերին։
Ընկերուհու խոսքով` քույրերը բազմիցս բողոքել են,ո ր հայրը ծեծի է ենթարկում իրենց և խնդրել ընկերուհիներին փողոցում իրենց չբարևել, որպեսզի հայրը հանկարծ չիմանա, թե ում հետ են նրանք շփվում դրսում։ Աղջիկը պատմել է, որ քույրերից մեկը` Քրիստինան, փորձել է ինքնասպան լինել։
Աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել Մոսկվայի հյուսիս–արևելքում հուլիսի 27-ին։ Քննության վարկածով, քույրերը հարձակվել են հարազատ հոր վրա, երբ նա քնած է եղել ճոճվող բազկաթոռին։ Հարցաքննության ժամանակ աղջիկները խոստովանել են մեղքը և պարզաբանել, որ «նրանք հոր հետ վատ հարաբերություններ են ունեցել երկար տարիների ընթացքում իրենց բարոյական տանջանքներ պատճառելու համար»։
Ավելի ուշ, միջնեկ քույրը` Անգելինան, որը 18 տարեկան է, հայտնել է, որ հայրը ծաղրել և սեռական բնույթի ոտնձգություններ է իրականացրել նրանց նկատմամբ։