Կառավարությանը չի անհանգստացնում գների բարձրացումը

Կոռուպցիա չկա, գների բարձրացումն էլ նորմայի սահմաններում է։ Թեթև գնաճն անհագստանալու առիթ չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. Հայաստանում վերջին օրերին գրանցված գնաճը ոլորտի մասնագետներին ու կառավարությանը չի անհանգստացնում։

Ձմերուկն ու լոլիկը շոգին չդիմացան. գյուղնախարարությունը մեկնաբանում է գների բարձրացումը

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետի խորհրդական, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը։ 

Նա չի հերքում, որ վերջին շրջանում գյուղատնտեսական որոշ ապրանքների գնաճ նկատվում է, բայց դա, նրա խոսքով, պայմանավորում է սեզոնային և բնակլիմայական գործոններով։

«Գյուղմթերքի գների փոփոխությունը կարող է էական թվալ, բայց ընդհանուր գնաճի ցուցանիշի վրա դրանց ազդեցությունը շատ փոքր է»,– ասաց Առաքելյանը։

Փոխարենը այլ շուկաներում, որտեղ ավանդաբար մենաշնորհային և գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներ կան, վարչապետի օգնականի դիտարկմամբ, իշխանափոխությունից հետո նույնիսկ էական գնանկում է տեղի ունեցել։ Խոսքը, մասնավորապես` շաքարավազի մասին է։

Մեսրոպ Առաքելյանը դա մեկնաբանում է նրանով, որ այդ  ոլորտներում, որոնք մի քանի խաղացողների ձեռքում են գտնվում, այս պահին գերշահույթ ստացողների այլևս չկան։

Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը նույնպես այն կարծիքին է, որ գնաճի ներկա ցուցանիշը նույնիսկ ցածր է կառավարության ծրագրով նախատեսված տարեկան ցուցանիշից։

Ներգաղթում ենք Նոր Հայաստան ու մնում գործազուրկ. ցուցանիշները տպավորիչ են անելիքները` շատ

Պաշտոնական տվյալներով 7 ամսվա ընթացքում գրանցված 2.4 տոկոս գնաճը Ատոմ Մարգարյանը նորմալ է համարում։

Ինչ վերաբերում է բանանի, շաքարավազի գների անկմանը, տնտեսագետը ևս սա պայամանավորում է կոռուպցիայի վերցման քաղաքականությամբ։

Մինչ այժմ, նրա խոսքով, գներն ադեկվատ չեն արտացոլել մրցակցային իրողությունները, քանի որ տնտեսվարողները ստիպված են եղել որոշակի արտոնությունների դիմաց նախկին իշխանություններին տարատեսակ կոռուպցիոն տուրքեր վճարել։

«Այսօր նրանք արդեն ազատված են կոռուպցիոն պարտավորություններից։ Սա նշանակում է, որ այդ մասով նա կարող է վերանայել իր գնային քաղաքականությունը։ Մենք արտոնությունների համակարգից փոխադրվում ենք իրական շուկայական համակարգ։ Այս նոր համակարգում բիզնեսում որոշիչը լինելու է մրցակցությունը»,– կարծում է Ատոմ Մարգարյանը։

Նշենք, որ վերջին օրերին գրանցվել էր գյուղատնտեսական որոշ ապրանքների, մասնավորապես` լոլիկի, դեղձի, ձմերուկի, ինչպես նաև որոշ հացատեսակների թանկացում, ինչը գյուղնախարարությունը պայմանավորում է հանրապետությունում գրանցված անոմալ շոգերով, որի պատճառով դաշտերում չհավաքված բերքի զգալի մասը փչացել է։

Ի դեպ, գնաճը հիմնականում տեղի է ունեցել օգոստոս ամսվա առաջին օրերին, մինչդեռ հուլիսին, հակառակը, պաշտոնական վիճակագրությունը գյուղմթերքի մինչև 16.7 տոկոս էժանացում է արձանագրել։

Կաթնամթերքը, պանիրն ու ձուն հուլիսին հունիսի համեմատ էժանացել են  1.1%–ով, շաքարավազը` 4.8%–ով, մսամթերքը` 0.3։

Բենզինի գինը հուլիսին մնացել է անփոփոխ, դիզվառելիքը թանկացել է 1.5%-ով:

Այսպիսով, ըստ վիճակագրական ծառայության՝ 2018թ.-ի  հուլիսին սպառողական շուկայում արձանագրվել է 1.2% գնանկում, իսկ սննդամթերքն ու ալկոհոլային խմիչքը էժանացել են նույնիսկ 2.9%–ով: