Նայել երկնքին ու երազանք պահե՞լ, թե՞ սպասել երկնաքարի հետ բախմանը

Օգոստոս ամսվա 3 գիշեր երկրի բնակիչները կարող են ականատես լինել տիեզերական չքնաղ տեսարաններից մեկին` աստղային անձրևին։ Գեղեցիկ երևույթը, սական, նաև որոշակի վտանգ է պարունակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 12-ի, 13-ի և 14-ի գիշերները երկրի բնակիչները հնարավորություն կունենան աստղային անձրև տեսնելու։ Այս շաբաթվա վերջին երեք գիշերը Պերսեիդների ասուպային հոսք կդիտվի: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Գիտությունների ազգային ակադեմիայի Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Մելիքյանը։

Ինչ տիեզերական երևույթներ կտեսնենք 2018 թվականին. ներկայացնում է աստղաֆիզիկոսը

«Երկիրն Արեգակի շուրջն իր տարեկան պտույտի ժամանակ անցնում է մի շարք երկնաքարերի խմբերի միջով, որոնք առաջացել են տարբեր տիեզերական երևույթների արդյունքում և որպես կանոն շատ մանր են լինում։ Այդ իսկ պատճառով, երբ երկիրն անցնում է դրանց միջով, դրանք հայտնվում են երկրի մթնոլորտում ավելի քան 100 կմ վայրկյան արագությամբ։ Եվ այդ արագության շնորհիվ երկրի մթնոլորտում հայտնվելիս շփման հետևանքով այրվում են` առաջացնելով լուսավոր հետքեր»,- բացատրելով տիեզերական երևույթի առաջացման պատճառը` ասաց Մելիքյանը։

Եթե սովորաբար գիշերը մարդը կարող է ժամեր շարունակ նայել երկնքին ու ոչ մի ընկնող աստղ չտեսնել, ապա նման հոսքերի ժամանակ 1 ժամում հնարավոր է մի քանի տասնյակ ասուպ տեսնել։

Միքայելյան. «Հայաստանում «աստղաթափը» շատ լավ երևալու է օգոստոսի 12-13-ի գիշերը»

Երկնաքարերը, որոնց մարդիկ ավելի հաճախ ասուպ կամ աստղ են անվանում, իրականում, Արեգ Մելիքյանի խոսքով, շատ մանր են` մի քանի միլիմետրից մինչև տասնյակ սանտիմետրեր տրամագծով։ Ընդ որում, որքան մեծ է երկնաքարը, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ այն ամբողջությամբ չի այրվի և կհասնի երկրի մակերևույթին։ Նման երևույթի հետևանք էր նաև 2013թ.-ին ՌԴ Չելյաբինսկի շրջանում ընկած երկնաքարը, որի միայն հարվածային ալիքը մեծ վնաս հասցրեց շրջակա բնակավայրերին։

«Այդ վտանգն, իհարկե, կա, բայց խոշորները, բարեբախտաբար, ավելի քիչ են։ Սովորաբար, ավելի շատ են մանր քարերը»,- ասաց մեր զրուցակիցը։

Հնարավոր վտանգի վրա չկենտրոնանալու և տիեզերական գեղեցիկ տեսարանով հիանալու համար, աստղադիտարանի տնօրենն առաջարկում է մեկնել Երևանից դուրս, քանի որ մեծ քաղաքի լուսավորությունը խանգարում է տեսնել երկնքում երևացող լույսերը։

Բայց «աստղային անձրևին» հետևելու ամենահարմար տարբերակն, իհարկե, Բյուրականի աստղադիտարան այցելելն է, որտեղ փոքր դիտակներով ու մասնագետների ուղեկցությամբ հնարավոր է ավելի շատ ասուպներ տեսնել, քան անզեն աչքով։