Հալեպի դպրոցներից մեկը կոչել են հայ հերոսի անունով

Սիրիայի Արաբական հանրապետության ղեկավարը հարգել է հայ զինվորի հիշատակը` այցելելով Հալեպում ապրող նրա ընտանիքին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հրահանգով Հալեպի ուսումնական հաստատություններից մեկն այսուհետ կկոչվի հայ զինվոր Գրիգոր Աշնագելյանի անունով։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Պանդուխտ Սյունին։

«Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ու առաջին տիկին Ասմա ալ-Ասադն այցելել են սիրիական բանակի հայազգի զինվոր Գրիգոր Աշնագելյանի տուն։ Նախագահը հրահանգ է տվել Հալեպի դպրոցներից մեկը կոչել հայ հերոսի անունով», – գրել է Սյունին։

Սյունիի հրապարակած լուսանկարներում երևում է, որ հերոսը քույր ու եղբայր ունի։ Իսկ Գրիգորի ծնողները հաճույքով լուսանկարվել են Սիրիայի նախագահի հետ։

Ավելի վաղ Ասադը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ Ցեղասպանոթյան 103–րդ տարելիցի կապակցությամբ։ Նա խոսել է Սիրիայի վերականգնման գործում հայերի դերի մասին։