ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Եվրահանձնաժողովը մտադիր է խստացնել այսպես կոչված «ոսկե անձնագրերի» տրամադրման գործընթացը երրորդ երկրների քաղաքացիներին, այդ թվում նաև ԱՊՀ–ի, Եվրամիության երկրների տարածքում անշարժ գույքի ոլորտում խոշոր ներդրումների և այլ ներդրումներ կատարելու դիմաց։
Հնարավոր օրենսդրական փոփոխությունները էապես կսահմանափակեն նաև հայ օլիգարխների համար իրենց կապիտալը ԵՄ տեղափոխելու և եվրոպական անձնագրեր ստանալու համար խոշոր անշարժ գույք գնելու դիմաց տրվող հնարավորությունները։ Հնուց ի վեր մեծահարուստներ սիրված վայրերն են Կիպրոսը, Իսպանիան, Հունաստանը և այլն։
Ինչպես հայտնում է Spiegel–ը, Եվրահանձնաժողովը պահանջում է ԵՄ անդամ երկրներից շրջահայացություն ցուցաբերել անձնագրեր տրամադրելիս։
Արդարադատության հարցերով եվրակոմիսար Վերա Յուրովայայի խոսքով` ԵՄ գործադիր մարմինը այդ հարցի վերաբերյալ մտահոգություն ունի, կարծելով, որ «ոսկե անձնագրերից» կարող է օգտվել կրիմինալը՝ ստեղծելով փողերի լվացման և ԵՄ–ի անվտանգության սպառնալիք։
Եվրակոմիսարն ընդգծեց, որ վերջին տարիներին երրորդ երկրների ներկայացուցիչներին տրամադրած «ոսկե անձնագրերի» քանակն աճում է։ Օտարերկրացիները մեծ գումարներ են ներդնում այն երկրի տնտեսության մեջ, որտեղ մտադիր են կեցություն հաստատել։
«Մենք Եվրամիությունում «տրոյական ձի» չենք ցանկանում։ Նման անձնագրեր ստացող մարդիկ, կարող են ազատ տեղաշարժվել ԵՄ տարածքով», – ասել է նա։
Անձնագրերի վերաբերյալ Եվրահանձնաժողովի կողմից նոր դիրեկտիվներ կմշակվեն և հրապարակվեն արդեն աշնանը։ Միևնույն ժամանակ քաղաքացիության շնորհման կամ կեցության իրավունքի տրամադրման հարցը կորոշի առանձին ԵՄ անդամ պետություն, այն էլ առանց եվրոպական իշխանությունների ազդեցության։