Հայտնի են Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների անունները

Օրենքով սահմանված կարգով ընտրված թեկնածությունները կներկայացվեն Ազգային ժողովին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Բարձրագույն դատական խորհուրդն անցկացրել է գաղտնի քվեարկություն, որի արդյունքում ընտրել է Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:

Ինչպես հայտնում են Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից, խորհրդում տեղի է ունեցել հանդիպում-զրույց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 132-րդ հոդվածի պահանջներին համապատասխան ցուցակում ընդգրկված դատավորի 4 թեկնածուների՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Լիզա Գրիգորյանի, Էդգար Սեդրակյանի և ՀՀ վարչական դատարանի դատավորներ Արգիշտի Ղազարյանի, Արծրուն Միրզոյանի հետ:

Վճռաբեկ դատարանի նախագահը հրաժարվում է պաշտոնից

Խորհուրդը դիտարկել է նաև առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների անձնական գործերը, Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ հմտություններն ու որակները:

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 133-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմման նպատակով Բարձրագույն դատական խորհուրդն անցկացրել է գաղտնի քվեարկություն, որի արդյունքում Խորհրդի կողմից բավարար ձայներ են ստացել Արգիշտի Ղազարյանը, Արծրուն Միրզոյանը և Էդգար Սեդրակյանը:

Օրենքով սահմանված կարգով ընտրված թեկնածությունները կներկայացվեն Ազգային ժողովին։