Դպրոցների մարզադահլիճների մոտ 80%–ը վատ վիճակում է. փոխնախարար

Նախարարը գիտակցում է դպրոցներում ֆիզիկական պատրաստվածության կարևորությունը։ Պակասում են նորմալ մարզադահլիճները, որոնք նպաստում են աշակերտների ֆիզիկական կուլտուրայի զարգացմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Հայաստանի դպրոցների մարզադահլիճների գրեթե երեք քառորդն անբարեկարգ է։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանը:

Նրա խոսքով` երեխաների ֆիզիկական պատրաստվածության ոլորտի հիմնական խնդիրներից է տեխնիկական անապահովությունն ու դպրոցներում մարզադահլիճների վատ վիճակը։

Հաջորդ տարվանից դպրոցների նկատմամբ խիստ են լինելու. հերթը կհասնի նաև տնօրեններին

«Մեր մոնիտորինգը ցույց տվեց, որ դպրոցների մարզադահլիճների մոտ 80%–ն անբարեկարգ է։ Որոշ հաստատություններում տանիքից ջուր է կաթում, հատուկ ծածկ չկա, տեղ–տեղ նույնիսկ տարրական ջեռուցումն է  բացակայում», – ասաց Ղազարյանը։

Նրա խոսքով` նախարարությունում գիտակցում են` որքան կարևոր է երեխաների ֆիզիկական պատրաստվածության համար պայմաններ ստեղծելը, նրանք աշխատում են այդ ուղղությամբ։

Այդ հարցերի լուծմանն ուղղված ծրագիրն արդեն մեկնարկել է։

«2015 թվականից նախադպրոցական հաստատություններում երեխաների ֆիզիկական պատրաստվածությանն ուղղված ծրագրեր են իրականացվում։ Մոտ 14 հազար երեխա է ներառված», – ասաց Ղազարյանը։

Բացի այդ` 1-3–րդ ու 4-7–րդ դասարաններում Սպորտլանդիա է անցկացվում, 7-12–րդ դասարաններում` Սպարտակիադա։ Ընդհանուր առմամբ, այդ միջոցառումներում ներառված է 145 հազար մարդ։ Սպորտային խաղերը բուհերի մակարդակի վրա են անցկացվում։

Ղազարյանը հիշեցրեց, որ արդեն 15 տարի է «Լավագույն սպորտային ընտանիք» մրցույթն է անցկացվում։ Նա նշեց նաև, որ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում զինակոչիկների սպորտային մրցումներին։

2018 թվականին, ընդհանուր առմամբ, Հայաստանի ներկայացուցիչներն աշխարհի ու Եվրոպայի պատանեկան սպորտային միջոցառումներում 86 մեդալ են նվաճել։ Նրանց 70%–ը սպորտդպրոցների աշակերտներ են։ Հայաստանում 142 սպորտդպրոց կա, դրանցից 24 նախարարության հովանու ներքո են։