Արցախի պատգամավորները միանում են Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին

Հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի մատուցած ծառայությունները ԱՀ և ՀՀ պետականաշինության գործին` Արցախի ԱԺ մի խումբ պատգամավորներ միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Արցախի մի շարք պատգամավորներ միանում են Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու համար ստորագրահավաքին։

Այս մասին տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Անուշ Ղավալյանը։

ՀՅԴ–ն մտահոգված է ընտրովի արդարադատությամբ. նրանք կմիանան Քոչարյանի համար ստորագրահավաքին

«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օգոստոսի 7-ին միջնորդություն-խնդրանք են ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինելու ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի մատուցած ծառայությունները ԱՀ և ՀՀ պետականաշինության գործում»,–գրել է Ղավալյանը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։

Նույն օրը 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀՀ պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Հիշեցնենք նաև, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստորագրահավաք է սկսել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու պահանջով, որին միանալու մասին մտադրություն են հայտնել նաև «Դաշնակցության» պատգամավորները։