Արշավը շարունակվում է. ինչու՞ է Փաշինյանի կինը կրկին Ռուսաստան մեկնում

Աննա Հակոբյանը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը, մտադիր է շարունակել «Կանայք հանուն խաղաղության» արշավը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակում կրկին Ռուսաստան է մեկնում։ Այս մասին Հակոբյանն ասաց այսօր մամուլի ասուլիսի ընթացքում։

«Մենք արդեն այցեր ենք պատրաստում։ Արշավը շարունակվում է», – նշեց վարչապետի կինը, սակայն չհայտնեց ուղևորության կոնկրետ օրը։

Աննա Հակոբյանն ԱԱԾ տնօրենի ու մշակույթի նախարարի հետ է դիտել «Գայանե» բալետը. լուսանկարներ

Նշենք, որ նախորդ այցի ընթացքում Հակոբյանի արած հայտարարությունը բուռն քննարկումների առիթ էր դարձել։ Այն ժամանակ նա ասել էր, որ «նշանակություն չունի` ինչպես է սկսվել արցախյան հակամարտությունը»։

Մեկնաբանելով իր այդ արտահայտությունը` վարչապետի կինն ասաց, որ անհրաժեշտ է հաշվի առնել` ինչ լսարանի առաջ է դա արվել։

«Ես ելույթ էի ունենում կանանց առաջ, որոնք պետք է պատերազմին «ոչ» ասեն, իսկ դրա համար պետք չէ հետազոտություններ անցկացնել ու դրա ծագման պատճառները պարզել», – ընդգծեց Հակոբյանը։

Հուլիսի վերջին Մոսկվա այցի ժամանակ Աննա Հակոբյանը հանդիպել է Տրետյակովյան պետական պատկերասրահի գլխավոր տնօրեն Զելֆիրա Տրեգուլովային։ Այնտեղ կայացել է նաև նրա հանդիպումը տարբեր ոլորտների ներկայացուցիչ հայտնի կանանց հետ։ Վարչապետի կինը ներկայացրել է իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավն ու խնդրել է ընկալել իր խոսքերը բացառապես որպես մոր ու կնոջ խոսքեր։ Նա նշել է, որ այդ նախաձեռնության հիմնական առաքելությունն արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելն է։