ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. Ռուզաննա Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմում, թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, ինչպես նաև ապօրինի հարստացել է:
Մեղադրանքն առաջադրվել է 03.08.2018թ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար:
Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանի կնոջը`
Ռուզան Բեգլարյանը 2018թ. մայիսի 22-ին ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր՝ 2017թ. գույքի և եկամուտների հայտարարագրում, ինչպես և 2014, 2015, 2016 թվականներին, անփոփոխ հայտարարագրել է 25.000.000 ՀՀ դրամ, 29.000 ԱՄՆ դոլար և 17.400 եվրո դրամական միջոցներ:
Մինչդեռ քննությամբ պարզվել է, որ Բեգլարյանն իր՝ 2017թ. գույքի և եկամուտների հայտարարագրում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները:
Դա հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով՝ 350.817.000 ՀՀ դրամի չհայտարարագրմանը, և հաշվետու ժամանակահատվածում նրա գույքի ավելացումն էականորեն գերազանացել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, հետևաբար՝ վերջինս ապօրինի հարստացել է:
Ռուզան Բեգլարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: