ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. Թուքիայի էթնիկ փոքրամասնությունների շարքում ամենաշատը լրատվամիջոցների քննադատության են արժանացել հայերը։ Այս մասին նշված է Հրանտ Դինքի հիմնադրամի հրապարակած զեկույցում։
Ermenihaber կայքի փոխանցմամբ` 2018թ․ հունվար-ապրիլ ամիսներին թուրքական մամուլում 76 տարբեր խմբերի նկատմամբ ատելություն ու թշնամանք պարունակող 3076 հայտարարություն է արձանագրվել։
Նշված ժամանակահատվածում հրապարակվել է էթնիկ և կրոնական խմբերին թիրախավորող 2265 հոդված և լուր։ Թուրքական լրատվամիջոցների թիրախում ամենից հաճախ հայտնվել են հայերը, հույները, հրեաները։
Նշված չորս ամիսների ընթացքում թուրքական մամուլում հայերը հիմնականում թիրախավորվել են հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ հրապարակումներում, պիտակավորվել են որպես բռնությունների հակված էթնիկ խումբ, մեղադրվել են Թուրքիայի համար «թշնամի» հռչակված խմբերին կամ անհատներին թիկունքից աջակցություն ցուցաբերելու մեջ, հայկական ԱՍԱԼԱ-ն հիշատակվել է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) հետ համատեղ՝ որպես ահաբեկչության աղբյուր»։