ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. Փաստաբանների պալատն ակնկալում է իշխանության հրապարակային դիրքորոշումը՝ փաստաբաններին վիրավորելու փաստերի վերաբերյալ: Այս մասին ասված է Պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հայտարարության մեջ։
«Վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական ցանցերի հարթակներում հաճախակի են դարձել դեպքերը, երբ մասնագիտական աշխատանք կատարող փաստաբանը նույնացվում է իր վստահորդի հետ։ Փաստաբանների նկատմամբ վերաբերմունքը հիմնականում պայմանավորված է նրանց վստահորդների անձով ու այդ անձանց վերաբերյալ հանրության բացասական ընկալումներով»,– նշում է Զոհրաբյանը` հավելելով, որ փաստաբանների պատիվն ու արժանապատվությունը նսեմացնելու, նրանց հրապարակավ սպառնալու դեպքերը զազմաթիվ են ու աճի միտում ունեն։
Փաստաբանների պալատի նախագահն իր հայտարարության մեջ նաև հիշեցնում է, որ փաստաբանին սպառնալը քրեորեն արգելված արարք է, իսկ «փաստաբանին հրապարակային հարթակներում վիրավորելը (հայհոյելը) իր վտանգավորությամբ չի զիջում նախորդ արարքին, քանի որ նույն կերպ խախտում է որևէ անձի կողմից փաստաբանական գործունեությանը չմիջամտելու երաշխիքը»։
Հետևաբար, փաստաբանին վիրավորելու վարքագծի քրեաիրավական հետապնդումը, նրա համոզմամբ կարող է արդյունավետ գործիք լինել նման դեպքերի կանխարգելման համար։
Նկատի ունենալով փաստաբանի նկատմամբ վիրավորանքի հրապարակային դրսևորումների աճը՝ ՀՀ փաստաբանների պալատն առաջիկայում կքննարկի փաստաբանին՝ իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու առնչությամբ վիրավորելու արարքի քրեականացման նպատակով քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ արդարադատության նախարարությանն առաջարկություն ներկայացնելու հարցը: