Լիցկայի տղան հոգեբուժարանում է. նամակն այնտեղից էր գրել

Սյունիքի նախկին մարզպետի որդին բանակում ծառայելու ցանկություն է հայտնել միայն հոգեբուժարանում հայտնվելուց հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին`Տրդատ Խաչատրյանը բանակում ծառայելու իր ցանկության մասին հայտնի նամակը գրել է այն բանից հետո, երբ հայտնվել է  հոգեբուժարանում։

Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) որդիներն ապօրինի ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

Նա հայտնեց, որ քրեական գործով Տրդատ Խաչատրյանի նկատմամբ ստացիոնար դատահոգեբուժական հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու որոշում է կայացվել։  «Նախաքննական մարմինը միջնորդություն ներկայացրել ընդհանուր իրավասության դատարան՝ փորձաքննությունը կատարելու նպատակով նրան բժշկական հաստատությունում տեղավորելու մասին, ինչը բավարարվել է»,– ասաց Տռուզյանը։

Ստացիոնար փորձաքննությունը մեկնարկել է հուլիսի 30-ից, հետևաբար, երեկ հրապարակված նամակը գրվել է դրա ընթացքում։

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով Տրդատ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է` փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելը։

Երեկ Տրդատ Խաչատրյանի փաստաբանը հրապարակել էր իր պաշտպանյալի` պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին ուղղված նամակի տեքստը։

Դրանում նախկին մարզպետի որդին նշում է, որ իր հոգեկան վիճակի վրա ազդել է 2013թ.-ին իրենց տան բակում տեղի ունեցած Ավետիք Բուդաղյանի սպանության դեպքը։

«Նշված դեպքին ես մասնակից եմ եղել եւ վիրավորներին օգնել։ Իմ ձեռքի մեջ է մահացել Ավետիք Բուդաղյանը, և ես տղաների օգնությամբ իմ ձեռքերով դրել եմ վիրավորներին ավտոմեքենայի մեջ, և տեղափոխել Գորիսի հիվանդանոց: Այս երևույթը ինձ վրա ծանր ազդեցություն է գործել: Եվ ահա նշված դեպքից մեկ տարի հետո բժիշկներն ախտորոշել են «նևրասթենիա չափավոր արտահայտված» և այդ պատճառով ստացել եմ տարկետում, թեև այն ժամանակ էլ ցանկացել եմ զորակոչվել»,– գրում է Տրդատ Խաչատրյանը:

Բաժանորդն անհասանելի է. ինչո՞ւ է նախկին մարզպետը վաճառում ունեցվածքը

Դիմելով պաշտպանության նախարարին` Խաչատրյանը խնդրում է` անկախ փորձաքննության եզրակացությունից իրեն հնարավորություն տալ ծառայել բանակում։

Հիշեցենք, ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ նախկին մարզպետի որդիները` Տիգրան և Տրդատ Խաչատրյանները, չտառապելով ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար հիմք հանդիսացող հիվանդությամբ, ձեռք են բերել կեղծ փաստաթղթեր, որոնցով ազատվել են ժամկետային զինվորական ծառայությունից:

Ընդ որում, պարզվել է, որ եղբայրները 16 տարեկանում զինծառայության համար պիտանի են ճանաչվել։

2013թ–ի ամռանը Գորիսում կրակել էին Բուդաղյան եղբայրների վրա: Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը մահացել էր։ Մյուս եղբայրը՝ Արցախի ՊԲ զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը վիրավորվել։

Սպանության փաստով հարուցված քրեական գործը առ այսօր չի բացահայտվել։