Սևանա լճին պետք չէ ջրի տարայի տեղ դնել. վարչապետի մոտ քննարկվել են ոռոգման խնդիրները

Վարչապետը հանձնարարել է ձևավորել աշխատանքային խումբ, որն առավելագույնը կարճ ժամանակահատվածում կքննարկի գյուղացիական տնտեսություններին անհրաժեշտ ոռոգման ջրի ապահովման խնդիրն ու կներկայացնի առաջարկություններ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի– Sputnik. Սևանա լճի այսօրվա իրավիճակը մեզ ստիպում է արձանագրել, որ պետք է դադարենք Սևանին վերաբերվել որպես խաղալիք կամ ջրի տարա։ Այս մասին այսօր հրավիրված ոռոգման շրջանի հրատապ լուծում պահանջող խնդիրները խորհրդակցության ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գաբրիելյան.« Սևանա լիճն այնքան իջած է, որ յուրաքանչյուր սանտիմետրը խնդրահարույց է»

Վարչապետը նախ անդրադարձել է ոռոգման հետ կապված առկա կարիքներին, ավելի վաղ ներկայացված կանխատեսումներին և ընդգծել. «Բացարձակապես անթույլատրելի է, Սևանին որպես ջրի տարա վերաբերվելու գործելակերպը, ցավոք, արդեն երկար ժամանակ Հայաստանում վերածվել է պետական քաղաքականության ու դրա հետևանքները մենք այսօր տեսնում ենք: Հույս ունեմ, որ ներկաները հենց այս տրամադրությամբ և տրամադրվածությամբ են եկել այսօրվա քննարկմանը: Մենք պետք է այս փակ ու անցանկալի շղթան ի վերջո ճեղքենք»:

Այնուհետև պատասխանատուներրը ներկայացրել են ջրամբարների լցվածության մակարդակի, ոռոգման սեզոնը լիարժեք փակելու համար անհրաժեշտ ջրի քանակի, ճեղքվածքը լրացնելու հնարավոր միջոցառումների վերաբերյալ ինֆորմացիա։ Անդրադարձ է կատարվել ոռոգման համակարգերից ջրային կորուստների նվազեցմանը, ՀԷԿ-երի գործունեության վերահսկողությանը և առաջացող բնապահապանական խնդիրներին:

Քննարկման արդյունքներով՝ վարչապետը հանձնարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների ներգրավմամբ ձևավորել աշխատանքային խումբ, որն առավելագույնը կարճ ժամանակահատվածում կքննարկի գյուղացիական տնտեսություններին անհրաժեշտ ոռոգման ջրի ապահովման խնդիրն ու կներկայացնի համապատասխան  առաջարկություններ:

Ինչո՞ւ է Սևանա լիճը կանաչել, և ո՞ւմ է վտանգ սպառնում. պարզաբանում է մասնագետը

«Անհրաժեշտ է ուսումնասիրել իրավիճակը և գտնել առանց Սևանա լճից ջուր բաց թողնելու խնդրի լուծման տարբերակներ: Խնդիրը պետք է լուծել մաքսիմալ արդյունավետ և կարճ ժամանակում»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը, միաժամանակ ընդգծելով հանրապետությունում կաթիլային ոռոգման համակարգի զարգացման անհրաժեշտությունը:

Հիշեցնենք` Արարատյան դաշտում, մասնավորապես Արմավիրի մարզի մի շարք գյուղերում խորքային հորերից ջրի գերծախսի հետևանքով առաջացել է ոռոգման ջրի սուր դեֆիցիտ, ցամաքել է Սևջուր գետը: Արդյունքում շուրջ 1 տասնյակ գյուղերի բնակիչներ ստիպված են հողատարածությունները ոռոգել գետի հունով հոսող կոյուղաջրերով: Ոռոգման խնդիրը լուծելու համար Ջրային տնտեսության կոմիտեն որոշման նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկում է Սևանից 40 մլն խմ ջուր բաց թողնել: Նախագծին կողմ է Սևանի հանձնաժողովը, դեմ` բնապահպանության նախարարությունն ու Սևան ազգային պարկը: Սևանից օրենքով նախատեսված 170 մլն խմ տարեկան ջրառն ավելացնելու համար օրենքում պետք է փոփոխություն կատարվի, որին պետք է կառավարությունը կողմ քվեարկի ու այն ուղարկի ԱԺ` հաստատման: