ԵՐԵՎԱՆ, 6 Օգոստոս — Sputnik. WILDSIDE կազմակերպությունը փնտրում է հայերի, ովքեր կցանկանան նկարահանվել Պաոլո Սորրենտինոյի «THE NEW POPE» հեռուստատեսային սերիալի նոր էպիզոդներում: Այս մասին հայտնում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի ծառայությունը Facebook սոցցանցի իր պաշտոնական էջում։
Հայտնում են, որ սերիալի նկարահանման համար կարող են դիմել ցանկացած տարիքի կանայք, տղամարդիկ և երեխաներ: Ներկայումս կազմակերպությունը հավաքում է հետաքրքրված թեկնածուների նկարները, իսկ ընտրվելու դեպքում տվյալ անձինք կհրավիրվեն հարցազրույցի: Նկարահանումները տեղի են ունենալու Հռոմում, ընթացիկ տարվա նոյեմբերին:
Պաոլո Սորրենտինոյի «Երիտասարդ Պապը» իտալա–իսպանա–ֆրանսիական դրամատիկ հեռուստասերիալ է, որում գլխավոր դերերը մարմնավորում են Ջուդ Լոուն և Դայան Քիթոնը։ Յուրաքանչյուր եթերաշրջան բաղկացած է 10 էպիզոդից։ 2016 թվականի հոկտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ սկսվել են նկարահանել «Երիտասարդ Պապը» սերիալի շարունակությունը, որն անվանել են «Նոր Պապ» (անգլ. The New Pope)։